ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ հայտարարությունը՝ հուլիս-օգոստոս ամիսներին սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ

Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ գոտիներում 2014թ. հուլիս-օգոստոս ամիսներին սաստկացած զինված բախումների կապակցությամբ, որոնք լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի անվտանգության և կայունության համար և անտեսում են մարդասիրական իրավունքի նորմերը: Վերջին ամիսների լարված իրավիճակում տեղի են ունեցել Մարդու իրավունքների և Միջազգային մարդասիրական իրավունքի՝ Ժնևյան համաձայնագրերում և դրանց Լրացուցիչ արձանագրություններում ամրագրված նորմերի կոպիտ խախտումներ, որոնք համապատասխանում են Հռոմի միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ նախատեսված պատերազմական հանցագործություններին:

Այդ խախտումների գագաթնակետը եղավ 2014թ. օգոստոսի 7-ին, չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմի տիրապետության տակ հայտնված ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի 33-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի նկատմամբ ադրբեջանցի զինվորականների դրսևորած անմարդկային, արժանապատվությունը նսեմացնող դաժան վարվելակերպը: Գերեվարվելուց հետո մեկ օրվա ընթացքում, կասկածելի հանգամանքներում Պետրոսյանը մահացել է: ժնևյան 4-րդ համաձայնագրի 35-րդ և 36-րդ հոդվածների համաձայն՝ Կարեն Պետրոսյանը, որպես քաղաքացիական անձ, իրավունք ուներ անարգելք հայրենադարձվել Հայաստան: Սակայն ադրբեջանական կողմը նրան հայտարարել էր դիվերսանտ, թեև միջազգային իրավունքով անգամ դիվերսանտները մարդասիրական վերաբերմունքի և արդարացի դատավարության իրավունք ունեն: Պետրոսյանի դին ցայսօր չի հանձնվել նրա ընտանիքին:

Առավել մտահոգիչ է, որ նման բռնությունների, անմարդկային վերաբերմունքի դրևորումները ուղեկցվում են ատելության, պատերազմի լայնածավալ քարոզչությամբ, թշնամու կերպարի խորացմամբ և նրա նկատմամբ ցանկացած դաժանության արդարացմամբ: Իսկ այն հասարակական գործիչները, իրավապաշտպանները և լրագրողները, որոնք հավատարիմ են ժողովրդավարության, հակասությունները երկխոսության միջոցով հաղթահարելու սկզբունքերին, ենթարկվում են աննախադեպ ճնշումների:

Նկարագված միջադեպը դիտարկելով որպես հայ-ադրբեջանական հակամարտության հերթական ողբերգական դրսևորում և գիտակցելով հետագա պատերազմական գործողությունների սպառնալիքը, Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը՝

Կոչ է անում կողմերին՝

  • Բանակցությունների միջոցով գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհը՝ հիմք ընդունելով կառուցողական համագործակցության, հանդուրժողականության, փախվստահության և փոխըմբռնման եվրոպական սկզբունքները: Որպես խաղաղարար գործընթացի կարևորագույն փուլ՝ քննարկել խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը և պայմանները։
  • Մինչև այդ՝ իրենց հրամանատարության ներքո գործող զինված ուժերին խստորեն արգելել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների, բնակելի տների գնդակոծումները, շփման գծից երկուստեք հետ քաշել դիպուկահարներին, ինչպես նաև դադարեցնել սահմանամերձ գոտիներում գյուղատնտեսությամբ զբաղվող խաղաղ բնակչության նկատմամբ բոլոր ոտնձգությունները:

Հորդորում է՝

  • Ձեռնարկել քայլեր, որոնցով հնարավորություն կստեղծվի դիմել Փաստերի հաստատման միջազգային հանձնաժողովին՝ անաչառ կերպով պարզելու պատերազմական հանցագործությունների փաստերը և բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչել՝ ըստ միջազգային քրեական օրենսդրության։
  • Որպես փոխվստահության հասնելու կարևոր միջոցի՝ նպաստել քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների երկխոսությանը: Դադարեցնել այն անձանց և կազմակերպությունների հետապնդումերը, որոնք պատրաստակամ են՝ համագործակցել և հիմքերը գտնել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման համար:
  • Ադրբեջանի Հանրապետությանը՝ ստորագրել և վավերացնել Ժնևյան համաձայնագրերի Լրացուցիչ 1-ին և 2-րդ արձանագրությունները, ինչպես նաև Հռոմի միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը:
  • Հայաստանի Հանրապետությանը՝ վավերացնել Հռոմի միջազգային քրեական դատարանի՝ 1999թ. հոկտեմբերի 10-ին ստորագրած կանոնադրությունը:

Հիշեցնում է, որ՝

  • Ադրբեջանը և Հայաստանը վավերացրել են Ժնևյան 1949թ. օգոստոսի 12-ի չորս համաձայնագրերը՝ պարտավորվելով զինված բախումների ընթացքում պահպանել Միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը, այդ թվում՝ չկիրառել ոչ ընտրողական բնույթի հարձակումներ, չռմբակոծել քաղաքացիական բնակավայրերը և քաղաքացիական օբյեկտները, պահպանել Ժնևյան 3-րդ համաձայնագրով ամրագրված՝ ռազմագերիների հետ վարվելակերպի բոլոր նորմերը:
  • Մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերում ամրագրված նորմերի գործողությունը զինված բախումների և պատերազմների ժամանակ ամենևին չի դադարում, այլ, ի լրումն դրա, սկսում են գործել նաև Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Դիմում է`

  • ԵՄ նոր ձևավորված հանձնաժողովին, Եվրամիության այլ կառույցներին՝ կոչ անելով շարունակել իրենց ջանքերը Հարավային Կովկասում և ԱլԳ ամբողջ տարածաշրջանում անվտանգության երաշխիքների ձևավորմանը, ուժեղացնել աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, ինչպես նաև պաշտոնական, քաղաքացիական և պրոֆեսիոնալ այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են խաղաղ բանակցություններին և երկխոսությանը:
  • Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ կոչ անելով շարունակել զարգացնել Միջազգային մարդասիրական իրավունքի լուսաբանման ծրագրերը հակամարտող կողմերի դպրոցական և մյուս ուսումնական հաստատություններում և զինված ուժերի ստորաբաժանումներում, որը կբարձրացնի Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի վերաբերյալ իրազեկվածությունը և կկանխարգելի մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների դեպքերը։
  • ԱլԳ ՔՀՖ-ին և ազգային բոլոր պլատֆորմներին՝ սույն հայտարարությանը միանալու առաջարկով:

2014թ. սեպտեմբերի 19, Երևան
ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ

 

Տեսանյութեր

Լրահոս