«Քառյակը՝ որպես այդպիսին, մեռավ, վերջացավ». Լևոն Շիրինյան
«Այն բանից հետո, երբ Հայ հեղափոխական դաշնակցությունը որոշեց չմասնակցել հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին, քառյակը` որպես այդպիսին, մեռավ, վերջացավ»,- նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով` հանրահավաքից 5-6 օր հետո կերևա` ՀՅԴ-ն վերջնակա՞ն հեռացավ քառյակից, թե՞ ոչ. «Պետք է նկատի ունենալ, որ Սերժ Սարգսյանը` որպես նախագահ, երկու ընտրական շրջան արդեն բոլորել է: Այն թիմը, որ նրան այդպես ջերմեռանդորեն նախագահ է դարձրել, մեկ տարի հետո էլ հո այդպես չի վերաբերվելու. որոնելու է նոր ընկերոջ: Այնպես որ՝ ինձ թվում է` Դաշնակցությունն ինքը հետո կգա, կմիանա, եռյակը նորից քառյակ կդառնա և այլն: Այսինքն՝ քաղաքական գործընթացի մասին է խոսքը, բևեռացումը հստակ է»:
Անդրադառնալով այն հարցին, թե «ժառանգություն» կուսակցությունը իշխանափոխության մասին է խոսում՝ ասելով, որ եթե ժողովրդի իրենց ակնկալած քանակը լինի հանրահավաքին, ապա իշխանափոխությունն անխուսափելի է` Լ. Շիրինյանն ասաց, որ այստեղ իշխանափոխության հարց չկա.
«Ոչ մի նշանակություն չունի` ինչ են ասում: Իրենց առաջարկած 12 կետերի մեջ չկա նման հարց: Րաֆֆի Հովհաննիսյանն է իշխանափոխության հարց բարձրացնում, քանի որ չի կարող անել դա: Թող կարողանար անել, թողնելո՞ւ են: Իշխանափոխությունը հո ասելով չէ. Խորհրդարանում այսօր Հանրապետական կուսակցությունն ունի բացարձակ մեծամասնություն, Րաֆֆի Հովհաննիսյանը ո՞նց է քվեարկել տալու: Կարողանալո՞ւ է գեներալ Մանվելին, Սամվել Ալեքսանյանին և մյուսներին քվեարկել տալ հանուն այս բանի: Իմ պատկերացմամբ` այժմ քաղաքական գործընթացը մեռել է, և հանրահավաքի իմաստն այն է, որ այս գործընթացը տեղից շարժի: Եթե այն բլեֆի չվերածեն, և մեծ շարժում ձևավորվի, ապա իշխանությունն անպայման կիրագործի նրանց առաջարկած 12 կետերը, պահանջները»: