
Պուտինը սպառնացել է ցանկության դեպքում 2 օրում գրավել Կիևը, Ռիգան, Վիլնյուսը, Տալինը, Վարշավան, Բուխարեստը. Պորոշենկո

Գերմանական Süddeutsche Zeitung թերթի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուին պատմել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնացել է ցանկության դեպքում Կիևից բացի երկու օրում գրավել Ռիգան, Վիլնյուսը, Տալինը, Վարշավան կամ Բուխարեստը:
Գերմանական թերթն այս հարցում վկայակոչում է Ուկրաինայի նախագահի ու Եվրահանձնաժողովի ղեկավարի զրույցի կարճ արձանագրությունը, որը հայտնվել է նրա տրամադրության տակ: Թերթն ընդգծել է, որ այդ զրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին, Կիևում:
Պորոշենկոն Բառոզուին պատմել է Պուտինի այն խոսքերի մասին, որ եթե ցանկանա, ապա երկու օրում կարող է գրավել ոչ միայն Կիևը, այլև՝ Ռիգան, Վիլնյուսը, Տալինը, Վարշավան կամ Բուխարեստը:
Պորոշենկոն Պուտինի այդ խոսքերը հիշատակել է նրա համար, որպեսզի Բառոզուի համար հասկանալի լինի, թե որքան էմոցիոնալ է Ռուսաստանի առաջնորդն արձագանքում Ռուսաստանի հարևան երկրներում ԵՄ-ի ազդեցության տարածմանը:
Պորոշենկոյի խոսքերով՝ Պուտինը նաև իրեն հայտնել է, որ երկկողմ շփումների շնորհիվ հնարավորություն ունի ազդել ԵՄ-ի մի շարք երկրների վրա, և որ այդ ազդեցությունը կարող է օգտագործվել Եվրոպական խորհրդի կողմից Ռուսաստանի համար անցանկալի որոշումներն ընդունելու արգելափակման համար: