«Եթե սահմանադրական բարեփոխումներ չանենք, իշխանությունն էլի չի՞ վերարտադրվելու, վերարտադրվելու է, մենք այդ խնդիրը չունենք»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ճնշումների դեպքում իշխանությունը կարո՞ղ է ընդհանրապես հրաժարվել սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու գաղափարից, ասաց.

«Բարեփոխումների դեմ խոսողները կոնկրետ հիմնավորումներ չեն բերում: Ի՞նչ է նշանակում՝ ժամանակը չէ, ե՞րբ է գալու այդ ժամանակը: Մինչև ընտրություններն ասում էին՝ եկեք սահմանադրական բարեփոխումներ անենք, հիմա ի՞նչ է փոխվել: Սահմանադրական բարեփոխումներով մենք ուզում ենք 3 կոնկրետ հարցերի լուծում տալ: Նախ՝ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, որ որևէ կառույց կամ որևէ չինովնիկ չփորձի այն ոտնահարել, այսինքն՝ մարդակենտրոն Սահմանադրության մասին ենք խոսում:

Երկրորդ. բոլորը ամեն րոպե, ամեն տեղ խոսում են դատական իշխանությունների հետ կապված խնդիրների մասին: Մի մասն ասում է, որ անօրինական որոշումներ են կայացնում, մյուս մասն ասում է, որ կաշառակերություն կա, մենք էլ ասում ենք՝ եկեք սահմանադրական բարեփոխումներով այդ ամենի դիմացն առնենք և ունենանք դատական անկախ իշխանություն:

Երրորդ. Իշխանության թևերի տարանջատում, փոխադարձ վերահսկողություն: Հիմա ուզում եմ հակադարձ փաստարկը հասկանալ. սրա ինչի՞ն են դեմ և ինչո՞ւ ժամանակը չէ: Թողնենք ամեն ինչ ավելի վատանա՝ նո՞ր անենք բարեփոխումներ: Եթե սահմանադրական բարեփոխումներ չանենք, իշխանությունն էլի չի՞ վերարտադրվելու: Նորից վերարտադրվելու է, որովհետև մենք այդ խնդիրը չունենք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս