Մարտի 1-ի էպոսը չստացվեց. «Ժամանակ»
Աղասի Ենոքյանը «Ժամանակ» թերթում գրում է. «Մարտի 1-ը հայոց պատմության մեջ մտավ որպես ժողովրդի միակամության, վերելքի, հերոսական պայքարի, այնուհետև՝ բիրտ ուժի կիրառման, սպանությունների, բանտարկությունների, բռնությունների, դավաճանությունների ամբողջություն:
Մարտի 1-ը մի էպիկական շրջան էր, որի վերաբերյալ տրվել են հստակ քաղաքական գնահատականներ, քաղաքական առումով բացահայտվել են նրա կազմակերպիչներն ու պատասխանատուները, վերհանվել Հայաստանի 3 նախագահների դերն այդ շրջանում, ներկայացվել է ընտրությունների նշանակությունը մարտի 1-ի վերելքի և պարտության մեջ, բազմաթիվ փաստեր են շրջանառվել՝ ինչպես ՀՀ Ազգային բանակի անօրինական գործողությունների, այնպես էլ օլիգարխների մասնավոր բանակների դերակատարության վերաբերյալ: Տրվել են բազմաթիվ կեղծ ու շինծու իրավական գնահատականներ ՀՀ դատարանների կողմից, այնուհետև փորձ է արվել վերականգնել իրական իրավական պատկերը Եվրադատարանի միջոցով:
Բայց կա մի կարևոր բացթողում՝ մինչ այժմ հանրության քննարկմանը չի ներկայացվել Մարտի 1-ի իրադարձությունների հստակ ժամանակագրությունը, որտեղ կնշվեին ամեն կողմի, յուրաքանչյուր գործող անձի, յուրաքանչյուր քաղաքական գործչի գործողությունները, ինչը հնարավորություն կտար առավել հստակեցնել այդ հերոսապատման ժամանակ քաղաքականության, դավաճանների ու զոհերի նշանակությունը:
Սակայն ամենացավալի իրողությունն այն էր, որ Մարտի 1-ը չծնեց իր հերոսին: Հերոսը համաժողովրդական պոռթկման յուրաքանչյուր նման իրադարձության ամենակարևոր արդյունքն է: Մայդանը ծնեց իր Կլիչկոյին, Յացենյուկին ու Աջ սեկտորին, «Վարդերի հեղափոխությունը»՝ Սաակաշվիլիին, 88-ի շարժումը՝ «Ղարաբաղ» կոմիտեն, 1922թ. «Հռոմի արշավը»՝ Բենիտո Մուսոլինիին, մյունխենյան ապստամբությունը՝ Ադոլֆ Հիտլերին, իսկ Մարտի 1-ը ամուլ դուրս եկավ:
Պատճառները քննարկելիս ակամա հիշում ես բորխեսյան հերոսի ու դավաճանի հայտնի պարբերական ցիկլը, երբ դավաճանը դառնում է հերոս, հետո հերոսը՝ դավաճան, և այսպես շարունակ: Ցավոք, մեզանում այս ցիկլը կտրվեց, հերոսը դարձավ դավաճան ու վերջ»:
Ամբողությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: