Ինչո՞ւ է էականորեն փոփոխվել Վարդան Պետրոսյանի գործով փորձաքննության եզրակացության ֆաբուլան

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ընթացքում հարցաքննվեց դատաավտոտեխնիկական փորձաքննություն իրականացրած փորձագետ Խորեն Զաքարյանը: Այսօր դատարանում նրան հարցեր էր ուղղում Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Պատասխանելով վերջինիս հարցին՝ արդյոք այս փորձաքննության կատարումը տարբերվե՞լ է նրա կողմից կատարվող այլ փորձաքննություններից, եղե՞լ է արդյոք որևէ արտակարգ իրավիճակ, աշխատե՞լ են արդյոք աշխատանքային ժամից հետո կամ ղեկավարությունից հրահանգ ստացե՞լ են, որ սա արտահերթ գործ է, թե՞ այն եղել է հերթական փորձաքննություն, փորձագետն ասաց, որ սա իրենց համար եղել է սովորական, հերթական փորձաքննություն: Փորձագետն ասաց նաև, որ Վարդան Պետրոսյանի գործով փորձաքննությունը բարդ է եղել:

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ 2013թ. հոկտեմբերի 31-ին քննիչ Հայկարամ Հակոբյանը փորձաքննություն նշանակելու մասին որոշում է կայացրել: «Ըստ ձեր եզրակացության՝ այն դուք ստացել եք նոյեմբերի 1-ին: Նոյեմբերի 4-ին դուք սկսել եք այդ բարդ փորձաքննության կատարումը: Մեկ օր հետո՝ նոյեմբերի 5-ին, այդ բարդ փորձաքննության վերաբերյալ միջնորդություն եք ներկայացրել՝ լրացուցիչ ելակետային տվյալներ ստանալու համար: Նոյեմբերի 6-ին քննիչ Հայկարամ Հակոբյանը, բավարարելով ձեր միջնորդությունը, հարցաքննել է Հայկ, Արթուր և էմմա Հակոբյաններին: Ընդ որում, քննիչը, ըստ գործում եղած տվյալների, միաժամանակ և ձեր միջնորդությունը բավարարել, հարցաքննել է հետևյալ անձանց, և միաժամանակ մասնակցել է Վարդան Պետրոսյանի ձերբակալմանը:

Ձեր միջնորդությունները բավարարելիս քննչական գործողությունները ինքը ավարտել է նոյեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին: Այսինքն՝ արդեն աշխատանքային ժամի ավարտին:

Ըստ գործում եղած ձեր եզրակացության տվյալների՝ նոյեմբերի 6-ին, ժամը 16:30-ին (սկսվել է ժամը 1-ին, ավարտվել է 16:30-ին), այդ արանքում, զուգահեռ, ըստ գործի տվյալների, համ ձերբակալել է Վարդան Պետրոսյանին, համ ձեր քննչական գործողությունն է կատարել՝ միաժամանակ մասնակցելով երկու գործողության:

16:30-ից հետո այդ նույնը այդ փաստաթղթերը՝ լրացուցիչ փաստաթղթերը, նաև երկու փորձագիտական եզրակացություն, հանձնել է ձեզ: Եվ ուշադրություն, այդ բարդ փորձաքննությունը, որ դուք կատարել եք՝ 26 էջանոց, ավարտել եք նոյեմբերի 7-ին»,- ասաց փաստաբանը՝ հետաքրքրվելով հնարավո՞ր է այդքան ժամանակում գրել 26 էջանոց փորձաքննություն, ընդ որում՝ դրանում արտացոլելով նոյեմբերի 6-ի հարցաքննության տվյալները:

«Միայն ես չեմ աշխատել, փորձագետների հանձնաժողով է աշխատել՝ իմ և Արշակ Հարությունյանի մասնակցությամբ: Ժամկետների առումով, քննչական գործողությունների առումով ես այդպիսի պատասխաններ ձեզ չեմ կարող տալ և ոչ էլ պարզաբանման կարող եմ դրանք ներկայացնել ձեզ: Դրանք իրավական գնահատման խնդիրներ են»,- ի պատասխան ասաց փորձագետը:

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ փորձաքննության եզրակացության մեջ կա «պատահարի հանգամանքներ» գլուխը և հետաքրքրվեց, թե այդ մասում ի՞նչն է նկարագրվում՝ քննիչի որոշման մեջ նկարագարված փաստական հանգամանքնե՞րը, թե՞ փորձագետների կողմից, նրանց նախաձեռնությամբ պարզված հանգամանքները:

Ի պատասխան փորձագետն ասաց. «Պատահարի հանգամանքները գործի ֆաբուան է, այսինքն՝ բնութագիրը՝ ինչպես է տեղի ունեցել տվյալ պատահարը»:

Այդ ֆաբուլան էլ, ըստ փորձագետի, գրված է լինում քննիչի որոշման մեջ: Նիկոլայ Բաղդասարայնը նշեց, որ այս դեպքում, սակայն, գործի ֆաբուլան էականորեն փոփոխվել է: Փաստաբանը նշեց, որ քննիչի որոշման մեջ վթարի հանգամանքները ներկայացված են հետևյալ կերպ՝ Վարդան Պետրոսյանն իր վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով բախվել է համընթաց ընթացող Արթուր Հակոբյանի կողմից վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին: Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ փորձաքննության եզրակացության մեջ չի նշվել «համընթաց ընթացող» արտահայտությունը: Փաստաբանը հետաքրքրվեց՝ եթե մշտապես փորձաքննության եզրակացության մեջ գործի հանգամանքներ բաժնում արտացոլվում է գործի ֆաբուլան, ճիշտ այնպես, ինչպես արտացոլում է քննիչը, ինչո՞ւ է այս գործով փորձաքննության եզրակացության մեջ ֆաբուլան էականորեն փոփոխվել:

«Ես կարծում եմ գործի, պատահարի ընդհանուր հանգամանքների նկարագրությունը դեռ չի արտացոլում պատահարի մեխանիզմ: Ուստի չի բացառվում, որ ես ինչպես այս պատահարի հանգամանքները տառացիորեն չեմ գրել, չեմ ներկայացրել կամ ներկայացվել է այնպես, ինչպես ներկա դրությամբ իմ կողմից գրված տեսքով»,- ի պատասխան ասաց փորձագետը: Նիկոլայ Բաղդասարյանի կողմից փորձագետին տրված հարցերի մեծ մասն այսօր տարբեր պատճառաբանություններով հանվեց դատարանի կողմից: Փորձագետի հարցաքննությունը կշարունակվի սեպտեմբերի 19-ին կայնալիք դատական նիստի ընթացքում:

 

Տեսանյութեր

Լրահոս