Բաժիններ՝

Հուլիս-օգոստոսին շուրջ 6 մլրդ դրամից ավելի հարկ է վճարվել բյուջե

«Խնդիրներ կան, որոնք հիմնականում վերաբերում են հանքարդյունաբերության ոլորտին, որտեղ մետաղների խտանյութերի միջազգային գները նվազում են և դրանով պայմանավորված որոշակի նվազում ունենք: Անշուշտ, տնտեսական զարգացումներն ի օգուտ բյուջեի չեն խոսում, բայց մենք չենք կարող ասել, որ եկամտային մասը չի ապահովվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ մեկնաբանելով հարկային եկամուտների նվազման խնդիրը:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր 10 օրը մեկ ՀՀ վարչապետին զեկուցվում է իրականացված քայլերի մասին. «Վաչարարական գործողությունների հաշվին հուլիս-օգոստոսին շուրջ 6 մլրդ դրամից ավելի հարկ է վճարվել բյուջե»:

Ըստ Միրումյանի՝ հետևողական աշխատանքները շարունակվելու են. «Խոսքը վերաբերում է փաստաթղթաշրջանառության հսկողությանը: Սեպտեմբերի 11-ից ուժի մեջ է մտնում նաև որոշ ապրանքների պարտադիր դրոշմավորման մասին օրենքը, և որոշ ապրանքատեսակներ ենթակա են լինելու դրոշմապիտակներով պիտակավորման ու դա կարևոր գործիք է լինելու ընդդեմ ստվերային շրջանառությունների: Եվ, իհարկե, մեր վերլուծական աշխատանքների շնորհիվ ծանուցումներ են ներկայացվում այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնց հաշվետվություններում արտացոլված տվյալները, մեր կարծիքով, արժանահավատ չեն: Եվ բավականին մեծ գումար կա, որ տնտեսվարողները համաձայնել են և ճշգրտված հաշվետվություններ են ներկայացրել»:

Դիտարկմանը, որ 1000 տնտեսվարող համաձայնել է հարկային մարմնի հետ, բայց 2000-ը՝ ոչ, Վ.Միրումյանը պատասխանեց, որ ով չի համաձայնել, դեռ չի նշանակում, որ սխալ է, տնտեսական հիմնավորումներ են պետք և հսկողական գործողությունների արդյունքում կպարզվի իրականությունը:

Կարդացեք նաև

168.am-ի հարցին՝ կարո՞ղ եք ստվերի կրճատման գնահատական տալ, փոխնախարարը պատասխանեց. «Մենք առհասարակ գնահատականներ չենք տալիս և կատարում ենք մեր առօրյա աշխատանքը, որը ստվերի կրճատմանն է նպատակուղղված»:

Անդրադառնալով ՌԴ դեմ միջազգային պատժամիջոցների ազդեցությանը ՀՀ-ում հարկահավաքման վրա, Միրումյանը նշեց, որ այդ ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա բազմաբաղադրիչ է, բայց կարող են ազդել տնտեսական աճի և դրա հետևանքով հարկերի նվազման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս