Արման Սահակյան. 2016թ. կա՛մ կունենանք նոր «Դվին», կա՛մ նոր ներդրող
«Դվին» հյուրանոցային համալիրի վերաբերյալ նախկինում կնքված պայմանագիրը իրավական թույլ հիմքեր ուներ և 2011-2013թթ. ընթացքում բավականին լուրջ բանակցություններ են ընթացել սեփականատերերի հետ, քանի որ նախկին պայմանագրով 13 մլն դոլարի ներդրում պետք է արվեր, բայց չկար, թե պարտավորությունը չկատարելու դեպքում ինչ է արվելու սեփականատիրոջ հետ: Այս մասին այսօր ԱԺ նիստում Պետական գույքի կառավարման մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցադրմանը, թե ինչ իրավիճակ է «Դվինի» հետ կապված:
Ըստ Ա.Սահակյանի՝ սեփականատիրոջ հետ նոր պայմանագիր է կնքվել, արդեն 800 հազար դոլար ներդրում արվել է՝ նախագծային և նախահաշվարկային աշխատանքների համար: Նա հավաստիացրեց, որ շատ թափանցիկ են աշխատում և կարող է ամբոջ փաստաթղթերը տրամադրել.
«Այս տարվա պայմանագրային պարտավորություններով «Դվինի» սեփականատերը ստանձնել է 3.7մլն դոլարի ներդրումների պարտավորություն: Եթե այս տարի չկատարի պարտավորությունը, բյուջե պետք է մուծի բոնուսներ և պարտավորությունները տեղափոխվում են հաջորդ տարի, իսկ եթե հաջորդ տարի էլ չկատարի, պետությունը լիկվիդային արժեքից 20% էժան գնով իրավունք ունի ձեռք բերել հյուրանոցը և վերավաճառել: Եթե խելամիտ մարդիկ են, պետք է շատ արագ կատարեն պարտավորությունները: 2016թ. կամ կունենանք նոր «Դվին», կամ նոր ներդրող, որը կկատարի պարտավորությունները»: