ՌԴ-ն կկարողանա՞ իր գործընկերներին ասել՝ «բերաններդ փակեք»
«Պարզ է, որ Լեռնային Ղարաբաղը Մաքսային միության, Եվրասիական միության տարածքի մեջ չի մտնելու: Դա հայտարարել է, ասենք, Անդրանիկ Միհրանյանը, դա անուղղակիորեն մի քանի անգամ հայտարարել են մեր իշխանությունների ներկայացուցիչները՝ ասելով՝ «իսկ ո՞վ է ասել, որ մենք նկատի ունեինք նաև Լեռնային Ղարաբաղը, երբ մտնում էինք Մաքսային կամ Եվրասիական միություն»: Այսինքն՝ պարզ է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը չի լինելու այդ եվրասիական ինտեգրացիոն տարածքի մաս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիքը հայտնեց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:
Իսկ թե ի՞նչ է լինելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանի հետ, Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ այդ բավականին բարդ, հակասական հարցն ուղղակի թողնված է անորոշ վիճակում. «Եվ ասում են՝ «ավելի լավ է այդ հարցը չբարձրացնենք, որպեսզի հոկտեմբերի 10-ի որոշումներն է՛լ ավելի չբարդացնենք»:
Ըստ Բ. Նավասարդյանի՝ այստեղ ամենամեծ դժվարությունը, մարտահրավերը կարող է լինել այն, որ նույն Ղազախստանը, միգուցե որոշ չափով նաև Բելառուսը, կփորձեն Եվրասիական միության շրջանակներում հնարավորինս տանել նաև Ադրբեջանի շահերին համապատասխանող քաղաքականությունը. «Այսինքն՝ պնդել, որ ցանկացած ապրանքափոխնակություն, որը տեղի է ունենում Հայաստանի և Արցախի միջև, անցնի համապատասխան սահմանային ընթացակարգեր: Դա միանգամից չի լինելու, բայց կարելի է հստակ ակնկալել, որ Ադրբեջանը համապատասխան հայտարարություններ է անելու, Ղազախստանի նախագահը հերթական անգամ դա կարդալու է, և ասելու են, որ դա պետք է հաշվի առնել և, ի վերջո, հետևել բոլոր նորմերին, որոնք գոյություն ունեն բոլոր Մաքսային միություններում: Այսինքն՝ եթե կա Մաքսային միություն, ապա Մաքսային միության տարածքներից դուրս գտնվող երկրները, միավորումները, չճանաչված պետությունները, եթե ինչ-որ ապրանք են մտցնում, ապա այդ ապրանքը պետք է անցնի մաքսազերծման ընթացակարգ»:
Բ.Նավասարդյանի խոսքով՝ ինչքան էլ մոտ լինեն Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, ինչքան էլ փոքր լինի Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը և իր ազդեցությունը մաքսային տարածքի տնտեսության վրա, այդ ընթացակարգը ֆորմալ առումով պետք է պահպանվի. «Եվ մենք անընդհատ հանդիպելու ենք դրա մասին հիշեցումներին, գոնե, Ղազախստանի և Բելառուսի ներկայացուցիչների կողմից: Կունենա՞ դա պրակտիկ հետևանք, թե՞ ոչ, դժվար է ասել, դա կապված կլինի նաև նրանից, թե ինչքանով ուժեղ կլինեն ռուս-հայկական կապերը և Ռուսաստանի թելադրելու հզորությունն իր գործընկերներին, որ կարողանա ասել՝ «բերաններդ փակեք, մի խառնվեք այս հարցի մեջ, մենք այստեղ խնդիր չենք տեսնում»: Եթե ստացվի, ուրեմն կշարունակվի այդ անորոշ իրավիճակը»,- նշեց Բ.Նավասարդյանը: