ԲՀԿ-ի հետ միևնույն քառյակում լինելը չի՞ նշանակում՝ ԲՀԿ-ին ներել են մարտի 1-ի համար
Օրերս Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե Մարտի 1-ն այն գործընթացն է, որ որևէ քաղաքական պաշտոնյայի, գործչի երբևիցե չի ներվելու. «Դա քաղաքական առումով ինքնասպանություն էր, բնականաբար։ Մարտի 1-ը Ռ. Քոչարյանի համար մեծ խնդիրներ է առաջացնելու, եթե, ինչպես ասում է, «հանգամանքների բերումով» նորից գա ակտիվ քաղաքական դաշտ»,- նշել էր Ա. Մարտիրոսյանը:
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խումբը, սակայն, փաստեր էր ներկայացրել, որ 2008թ. մարտի 1-ին ակտիվ մասնակցություն է ունեցել նաև ԲՀԿ-ն, որի հետ այժմ «Ժառանգությունը» նույն քառյակում է: Ա. Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք` արդյոք ԲՀԿ-ի հետ միասին քառյակում լինելը չի՞ նշանակում, որ ԲՀԿ-ին ներել եք, թե՞ համարում եք, որ Փաստահավաք խմբի եզրակացությունը ԲՀԿ մասնակցության առումով սխալ էր: Ի պատասխան` Արմեն Մարտիրոսյանն ասաց.
«Փաստահավաք խմբի այդ թուղթը մենք չէ, որ ներկայացրել ենք, այլ, եթե չեմ սխալվում, Հայ ազգային կոնգրեսը, և, կարծում եմ, որ այդ առումով իրենք պետք է ասեն` որտեղից է, և այլն: Ինչ վերաբերում է կոնկրետ ներվելուն կամ չներվելուն, ապա Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ եղել է նախագահը, և օրենսդրորեն բացառապես ինքն իրավունք ուներ ուժ կիրառել, ուստի այդ ուժ կիրառելու քաղաքական պատասխանատվությունը միանշանակ է, առավել ևս, որ բանակն է ներգրավված եղել, որն անօրինական է, ուստի խոսքը դրան է վերաբերում: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանի» պարագային, ապա նա որպես կուսակցություն` իրավունք չուներ զորք ներգրավել, նա այդպիսի լիրազորություններ չուներ, և այլն, ուստի, ամեն ինչ խառնել իրար, կարծում եմ` այդքան էլ ճիշտ չէ: Այդ ժամանակ իշխանության հետ համագործակցության մեջ է եղել նաև Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, ուստի, բոլորը խառնել իրար (իրավական, քաղաքական) կարծում եմ` ճիշտ չէ»:
Փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը` «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով ոչ իշխանական քառյակի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանն մեր օրակարգում չկա` հռետորական հարցադրում էր արել` ասելով. «Եթե Ռ. Քոչարյանը օրակարգում չկա, գուցե Մարտի 1-ն է՞լ չկա»: Մեր հարցին, թե արդյոք համամի՞տ եք այս դիտարկմանը, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Անդրանիկ Քոչարյանը դա ասելով, երևի, նկատի ունի` արդյոք Մարտի 1-ը մոռացե՞լ է Հայ ազգային կոնգրեսը, բայց, կարծում եմ` դժվար թե որևէ մեկը մոռացած լինի: Դա այնպիսի գործընթաց է եղել, որ որևէ մեկը չի կարող մոռանալ: Ինչ վերաբերում է նրան, որ Հայ ազգային կոնգրեսն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը չկա օրակարգում, դա հենց այդպես է: Ես ևս բազմաթիվ անգամներ ստիպված եմ եղել կրկնել, որ խորհրդարանական 4 ընդդիմադիր ուժերի համագործակցության ֆորմատում Ռոբերտ Քոչարյանի խնդիր ընդհանրապես գոյություն չունի»:
Իսկ Մարտի մե՞կը` հետաքրքրվեցինք. «Իսկ Մարտի 1-ի հետ կապված անընդհատ բարձրաձայնվում է, հանձնաժողով փորձեցին ձևավորել, բայց կարծում եմ` բոլորի համար ակնհայտ է, որ մինչև իշխանափոխություն չլինի, ոչ միայն Մարտի 1-ը չի բացահայտվի, այլև շատ հանցագործություններ չեն բացահայտվի, շատ այլ երևույթներ չեն բացահայտվի: Ուստի, կարծում եմ` այն մարդիկ, որոնք ուզում են Մարտի 1-ի բացահայտում, նրանք ուղղակի չեն կարող չցանկանալ իշխանափոխություն: Եթե իշխանափոխություն չեն ցանկանում, ուրեմն` ցանկանում են, որ այդպես էլ փակ մնա»:
Ա. Մարտիրոսյանի խոսքով` ինքը զգում է, որ Ռոբերտ Քոչարյանին անընդհատ բերում են դաշտ. «Փորձում են ինչ-որ խորհրդարանական 4 ընդդիմադիր ուժերի համագործակցության հետ կապել, և դա արվում է բացառապես իշխանության կողմից, իշխանության լրատվամիջոցներով, իշխանության քարոզիչներով, փորձագետներով, և հենց նրանք են անընդհատ փորձում այդ ամենը կապել: Բայց խորհրդարանական այդ համագործակցության շրջանակում բացառապես գոնե մեկ բառ չի գնացել` Ռոբերտ Քոչարյանի հետ կապված»:
Հարցին, թե ո՞րն է դրա նպատակը, փորձում են պառակտե՞լ քառյակը, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Խնդիրը պառակտումը չէ, պառակտումը, որ ուզում են մտցնել` պարզ է: Որևէ մեկին պետք չէ այդպիսի խոշոր ընդդիմադիր միավորում, համագործակցություն: Բոլորի համար ակնհայտ է, որ եթե խորհրդարանական 4 ընդդիմադիր ուժ միասնական գործողություն անեն, դա ուղղակի չի կարող չբերել իշխանափոխության, և պարզ է, որ իշխանությունը երբևիցե չի ցանկանա` այդպիսի համագործակցությունը շարունակվի: Բայց խնդիրն այս դեպքում վերաբերում է հասարակական ընկալումներին: Քանի որ Ռոբերտ Քոչարյանը հասարակական ընկալմամբ բացասական ընկալում ունի, փորձում են անընդհատ կապել Ռոբերտ Քոչարյանի հետ: Դա է խնդիրը: Բայց մենք առաջ ենք շարժվում, մենք միանշանակ առաջ ենք շարժվում»:
Անդրանիկ Քոչարյանը նույն հարցազրույցում Մարտի 1-ի չբացահայտման մեջ հավասարապես մեղադրել էր նաև ոչ իշխանական ուժերին, որոնք, ըստ նրա` մոռացության են մատնել այն։ «Այսօր ընդդիմություն չկա, կան ոչ իշխանական ուժեր, երբ որ կային ընդդիմադիր ուժեր, իշխանություններն, այնուամենայնիվ, այսպիսի պահվածք չէին դրսևորում Մարտի 1-ի հարցով»,- ասել էր Ա. Քոչարյանը:
Այս առնչությամբ Ա.Մարտիրոսյանն ասաց, որ Անդրանիկ Քոչարյանին շատ հարգում է, և եթե նա այդպիսի կարծիք ունի, ինքը որևէ ձևով չի փորձելու հակառակն ապացուցել. «Քաղաքականություն է, տարբեր մոտեցումներ գոյություն ունեն: Նա կարող է գտնել, որ ընդդիմություն չկա, կամ կարող է գտնել, որ իշխանություն կա, կարող է տարբեր բաներ գտնել: Ես ուղղակի կասեմ, որ դա իր կարծիքն է: Ես էլ կասեմ` և՛ ընդդիմություն կա, և՛ չեմ կարծում` խորհրդարանական 4 ուժերը մոռացության են մատնել, որովհետև 4 ընդդիմադիր ուժերի համագործակցության ֆորմատում չի քննարկվել այդպիսի հարց, որ Մարտի 1-ը մոռացության ենք մատնում: Իսկ կոնկրետ «Ժառանգության» մասով կարող եմ հստակ ասել` բացառվում է, որ մոռացության մատնվի: Քանի դեռ կա պարոն Ա. Քոչարյանը, ես վստահ եմ, որ քաղաքական դաշտում գոնե մեկը կլինի (իսկ դրանք, ես վստահ եմ, որ շատ են լինելու, այդ թվում և` «Ժառանգությունից»), որ Մարտի մեկը չի մոռանալու: Մենք ուզում ենք` իշխանափոխություն տեղի ունենա Հայաստանում նաև հենց այդ պատճառով, որ բացահայտվի մարտի 1-ը»: