
«Ես կառաջարկեի ևս երկու օր սպասել». Աղվան Հովսեփյանը՝ իր տեղակալների նշանակման մասին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով իրավապաշտպանների թերահավատությանը քննչական կոմիտեի անկախության հետ կապված, ասաց.
«Իրավապաշտպանների նման մոտեցումն ինչ-որ տեղ արդարացված է, որովհետև անկախ քննչական մարմնի գոյության անհրաժեշտությունը վաղուց էր թելադրված մեր պետականության, մեր հասարակության մեջ: Բոլոր քննչական մարմինները գտնվում էին գերատեսչական կարգավիճակում: Այստեղից էլ բնականաբար պետք է մտահոգություն առաջացներ քննիչների ինքնուրունության խնդիրը: Հավատացած եմ և վստահ եմ, որ անկախ քննչական մարմնի, միասնական քննչական մարմնի ձևավորմամբ այդ գերատեսչական ազդեցությունների խնդիրը կվերանա և ամեն ինչ անելու ենք, որպեսզի յուրաքանչյուր քննիչ իրապես, որպես նախաքննության իրականացնող անձ, անկախ լինի և յուրաքանչյուր քննիչ ներկայացնի նախաքննություն իրականանցնող մարմին իր անկախության մեջ: Սրա համար մենք ամեն ինչ անելու ենք: Առաջին խնդիրը հենց դա է լինելու՝ միասնական քննչական մարմին ձևավորելու համար, և ասեմ, որ Հանրապետության նախագահը նույնպես լուրջ մտահոգված է այս խնդիրն իրականություն դարձելու ուղղությամբ»:
Լրագրողների հարցին՝ ովքե՞ր են լինելու քննչական կոմիտեում իր տեղակալները, արդյոք նախագահին առաջարկե՞լ է թեկնածուներ, թե՞ ոչ՝ Աղվան Հովսեփյանը պատասխանեց. «Օրենքով քննչական կոմիտեի կառուցվածքը, հաստիքները կառավարության կողմից հաստատվելուց հետո քննչական կոմիտեի նախագահը ներկայացնում է հինգ օրվա ընթացքում տեղակալների թեկնածությունները, և Հանրապետության նախագահը նշանակում է: Ես կառաջարկեի ևս երկու օր սպասել»: