«Առաջին և երկրորդ նախագահների միջև կա տակտիկական զուգախաղ` ընդդեմ Սերժ Սարգսյանի»
Մեկնարկեց ԱԺ աշնանային նստաշրջանը. հետագա անելիքների, արտաքին և ներքին քաղաքական զարգացումների շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Ստյոպա Սաֆարյանը:
Ըստ նրա` եթե թեժ աշուն ասելով` քաղաքական ուժերը հասկանում են իրեեց տարրական ակտիվությունը խորհրդարանում կամ խորհրդարանից դուրս, ապա բոլոր աշուններն են թեժ եղել. «Թերևս մի խնդիր կա, որի հետ կապված սպասումներ են ձևավորվել, դա քառյակի հետաձգված հանրահավաքն է, երբ ապրիլի սկզբին հայտարարվեց, որ մայիսի վերջին հուժկու հանրահավաք է լինելու` Կառավարության հրաժարականի պահանջով, ինչը տեղի չունեցավ, քանի որ շատ ավելի վաղ ձևավորվեց նոր կառավարությունը, և ընդդիմությանը ոչինչ չէր մնում անել, քան հետաձգել խոստացած զանգվածային միջոցառումը: Արդարացնելու համար, թե ինչու դա տեղի չի ունենում ամռանը, հրապարավեցին 12 կետեր` ուղղված Կառավարությանը, որոնց չբավարարելու դեպքում` սեպտեմբերի վերջին տեղի կունենա հանրահավաք»,-մանրամասնեց նա:
Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն սահմանադրական փոփոխություններով փոխում են խաղի կանոնը, որը չի մտնում քառյակը կազմող ուժերի պլանների մեջ. «Բոլորը մտածում են, որ 2017թ. քաղաքական գործընթացները կազմված կլինեն նոր իշխանության ձևավորման տրամաբանությամբ: Քառյակն ասում, որ ոչ թե հեռանում է իշխանությունից, այլ ցանկանում է վերարտադրել այն: ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի համար կարևոր է դարձել այդ խաղի կանոնի փոփոխության թույլ չտալը»:
Նա նշեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դառնում է կարևոր խնդիր և դրա հետ միասին նաև կառավարության հրաժարականը չպահանջելու իրողությունից խուսափելու քայլ, և որ թեժացումներ պետք է սպասել այս առումով:
168.am-ի այն հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձի դեպքում ինչպիսի՞ն կլինի քառյակի վերաբերմունքը, ո՞ր ուժերը կսատարեն նրան, Ս. Սաֆայանը պատասխանեց, որ «Ժառանգությունը» հավանաբար չի սատարի, որովհետև կուսակցության ներսում կան մարդիկ, որոնք հստակ ընդգծված մերժողական վերաբերմունք ունեն և երբեք չեն սատարի Քոչարյանին. «Կասկածում եմ նաև, որ ՀԱԿ-ը սատարի Քոչարյանի վերադարձը, բայց մյուս կողմից էլ՝ ակնհայտ է, որ կա տակտիկական զուգախաղ առաջին և երկրորդ նախագահների միջև` ընդդեմ Սերժ Սարգսյանի: Կարող եմ սխալվել, եթե իշխանությունը կիսելու խնդիրը շատ ավելի դոմինանտ լինի, և պայմանավորվածության գան, թե նրա վերադարձի դեպքում ով՝ ինչ չափաբաժնի իշխանություն կունենա»,-ասաց նա:
Մեր այն հարցին էլ, թե ինչպիսի՞ն է իր վերաբերմունքը Սահմանադրական փոփոխության հետ կապված և արդյո՞ք կան կարևոր փաստարկներ այն մերժելու կամ ընդունելու համար, նա պատասխանեց, որ իր համար երկու կողմի պահվածքն էլ տարակուսելի է այս հարցի շուրջ. «Ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ այն հիմնավորումները, որոնք բերում է իշխող կուսակցությունը: Մեկ հայտարարում են, որ տնտեսությունը պետք է զարգանա, իսկ երբ հարցնում ես, թե ինչով է խանգարում ներկայիս Սահմանադրությունը տնտեսության զարգացմանը, պատասխան չկա: Ըստ էության իշխանությանը չի հաջողվում ոչ հասարակությանը, ոչ իր ընդդիմախոսներին ծանրակշիռ փաստարկներով համոզել, թե ինչու են պետք սահմանադրական փոփոխությունները:
Ես կողմ եմ սահմանադրական փոփոխություններին և ինձ համար անհասկանալի է նաև դրան մասնակցել չցանկացողների փաստարկները, որովհետև և՛ «Ժառանգությունը», և՛ ԲՀԿ-ն, և՛ ՀՅԴ-ն մշտապես հայտարարել են, որ կառավարման համակարգը պետք է փոխվի և ճիշտը խորհրդարանական կառավարման համակարգին անցնելն է:
Ինձ համար հասկանալի չէ նաև այն, որ ասում են` հիմա պահը չէ, անհրաժեշտությունը չկա և այլն: Եթե դա ամբողջ քաղաքական դաշտի ֆունդամենտի փոփոխության մասին է, և պետությունն ու քաղաքական համակարգը ճիշտ հունի վրա դնելու մասին է, ապա ես ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ այսօր պահը չէ, և ինչո՞ւ պետք է այդ հարցը հետաձգվի: Ես կցանկանայի, որ քաղաքական ուժերը, եթե իսկապես ասելիք ու առաջարկներ ունեն, փորձեն ներգրավվել պրոցեսում: Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվել միշտ կարող ես, և ինձ համար անհասկանալի է քաղաքական ուժերի` բոյկոտի տարբերակն ընտրելը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը: