Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանի ժառանգությունը

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն աչքի էր ընկնում տարբեր վարկանիշային աղյուսակների, զեկույցների ու գնահատականների հանդեպ իր «թուլությամբ»: Որևէ զեկույցում Հայաստանի դիրքերի բարելավումը, թեկուզև 1-2 կետով, նույնիսկ, եթե ընդհանուր գնահատականը հուսադրող չէր, Տ.Սարգսյանը մշտապես ազդարարում էր մեծ հպարտությամբ և ներկայացնում՝ որպես ՀՀ կառավարության քրտնաջան աշխատանքի արդյունք:

Ըստ էության, նախորդ կառավարությունն աշխատում էր հենց միջազգային զեկույցներում ՀՀ դիրքի բարելավման և ոչ թե՝ բուն երկրի տնտեսության զարգացման ու քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ:

Եվ ահա, Տ.Սարգսյանի ու նրա կադրերի հրաժարականից հետո Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը, որ մինչ այդ բարելավում էր դիրքերը (2013-ին՝ 3 կետով, գրավելով 79-րդ տեղը՝ 148 երկրների շարքում), հանկարծ այս տարի նահանջ է գրանցում միանգամից 6 կետով՝ հայտնվելով 85-րդ հորիզոնականում:

Մինչդեռ, Տիգրան Սարգսյանի հրաժարականն ընդունելով և Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակելիս՝ Սերժ Սարգսյանը վստահություն էր հայտնում, որ Աբրահամյանը կարդարացնի իր հույսերը: Ճիշտ է, դեռևս քիչ ժամանակ է անցել Աբրահամյանի պաշտոնը ստանձնելուց հետո, բայց հարկ է նշել, որ այդ ժամանակը քիչ է նաև նման հետընթաց ապահովելու համար: Իհարկե, կարելի է ասել նաև, որ կատարվածը Տ.Սարգսյանի թողած ժառանգության հետևանքն է:

Ուրեմն, ի՞նչն է պատճառը, որ ՀՀ-ն միանգամից այսքան նահանջեց «Մրցունակության համաշխարհային զեկույց 2014/2015»-ում: Զեկույցում, հիշեցնենք, դասակարգումը կատարվում է Համաշխարհային մրցունակության ցուցչի միջոցով, որը հաշվարկվում է
մրցունակության 12 հենասյուների հիման վրա: Վարկանիշերի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալները և ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները: Եվ եթե որոշ ոլորտներում ՀՀ-ն առաջընթաց է գրանցել 1-2 կետով (ենթակառուցվածքների, բարձրագույն կրթության և տեխնոլոգիական պատրաստվածության), ապա մնացած հենասյուների ցուցանիշները վատթարացել են մինչև 24 կետով (աշխատուժի շուկայի արդյունավետություն, ֆինանսական շուկայի զարգացվածություն և այլն):

Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես մրցունակության զեկույցում հետընթացը պայանավորվում է 2 գործոնով՝ մյուս երկրներն առաջ են գնում, դու տեղում ես մնում, ինչը նույնն է թե՝ հետ ես գնում, և երկրորդ՝ Հայաստանն ինչ-որ քայլերում թերացել է և ետ է մնացել զեկույցում իր հարևաններից. «Այս երկու գործոնն էլ կարող են միասին լինել, և դրանք պետք է միաժամանակ դիտարկել: Այստեղ նաև մեթոդաբանության խնդիր է, թե նախկին գնահատականները տալուց ինչ է տեղի ունեցել, բայց այն ցուցանիշներով, որ հետ ենք մնացել, շատ տրամաբանական է կատարվածը:

Դրանցից գլխավորներից ֆինանսների հասանելիությունն էր ՓՄՁ-ների համար, նաև աշխատուժի հետ կապված խնդիրները, որոնք շատ ակնհայտ խնդիրներ են, որ մեր շուկայում չկարողացանք վերացնել: Ընդհակառակը՝ մեզ մոտ աշխատաշուկայի որակի մեծ անկում եղավ, որ միգրացիայի պատճառով լավագույն աշխատուժը մեկնեց, և ունեցանք աշխատուժի դեֆիցիտ, և երկրորդ՝ կրթական ինստիտուտների կողմից աշխատուժը չի հասցնում համալրվել նորմալ մասնագետներով, երրորդ՝ մեր տարբեր օրենքներ, այդ թվում՝ կուտակայինը, կարող են ազդել ընդհանուր մարդկանց մտայնությունների, նրանց հոգեբանության, գործատու-աշխատուժ հարաբերությունների վրա»:

Ֆինանսների հասանելիության առումով Գ.Մակարյանն արձանագրեց, որ մենք միշտ «կաղում» ենք՝ վարկավորման տոկոսադրույքները բարձր են, բանկերը վատ են աշխատում գործատուների հետ, քանի որ իրենք իրենց ռիսկերն ուզում են զրոյի հասցնել և այն ամբոջությամբ գցել վարկ վերցնողի վրա: Բացի դա, ըստ նրա, ֆինանսական ռեսուրսներն անհասանելի են որոշ կազմակերպությունների համար, որոնք ընդհանրապես չեն կարողանում վարկ վերցնել բարձր տոկոսների կամ լիկվիդայնության պատճառով, կամ որոշ մարզերում բանկերն իրենք են մերժում վարկեր տրամադրել:

Այսինքն, Մակարյանի խոսքով՝ վարկերի հետ կապված ֆինանսական հասանելիության խնդիրը հետզհետե վատացել է: Նա նշեց, որ նաև ձեռնարկություններն են խուսափում վարկեր վերցնել այն պատճառով, որ երկրում կան ֆորսմաժորային իրավիճակներ՝ անհավասար մրցակցություն, հարկային և այլ տիպի ստուգումների արդյունքում ընկերությունները կարող են դուրս մղվել շուկայից, կամ իրենց եկամտաբերությունը թույլ չի տալիս գնալ նման ռիսկերի. «ԿԲ-ն էական քայլեր չի կատարել, որ ֆինանսները հասանելի դառնան բանկային համակարգում, բանկերի ռիսկերի կառավարման մեխանիզմներ ԿԲ-ն չի ներդրել, որ բանկերը գնային տոկոսադրույքների նվազեցման:

Աշխատաշուկայի նահանջը, որ իրականացված սոցիալական ծրագրերն առանձնապես չկարողացան շուկայի խնդիրները լուծել, որովհետև ուսումնասիրություն առանձնապես չի կատարվում, ռիսկերը նվազեցված չեն, նորմալ վիճակագրություն չկա, տվյալները տարեցտարի տարբեր մեթոդաբանությամբ են անում և համեմատելի չեն: Այս բոլորը, բնականաբար, բերել է նահանջի»:

Անդրադառնալով դրական ցուցանիշներին՝ բարձրագույն կրթության, ենթակառուցվածքների ոլորտում ՀՀ դիրքի աննշան բարելավմանը, Գ.Մակարյանը նշեց, որ իսկապես ճանապարհների, կամուջների կառուցումը կամ վերանորոգումը թույլ են տվել խցանումները որոշ չափով վերացնել և, ժամանակի խնայողության, հարմարավետության առումով, բնականաբար, հարցվողները դրական են վերաբերվում: Կրթության ոլորտում, Մակարյանի կարծիքով, դիրքի բարելավման երկու պատճառ կա՝ վերջին տարիներին ակնհայտ ուշադրություն կա բարձրագույն կրթության հանդեպ, որը նախկին կառավարության ժամանակներից մրցունակության համար կարևոր գործոն է դիտվել, և տարբեր ծրագրեր են գործում, ինչը բերել է որոշակի տեղաշարժերի:

«Նաև նախորդ կառավարության գործոնը կա: Ինձ թվում է՝ նախորդ կառավարությունը կարողացել էր լղոզված ձևով հասնել նրան, որ մրցունակության զեկույցում մեր ցուցանիշներն այդքան շատ՝ 6 բալ հետ գնային: Իրականում մեր ցուցանիշները նույնն են մնացել: Անցած տարի էլ այդպես է եղել, բայց անցած տարի այլ կերպ է ներկայացվել: Կամ մենք տեղում ենք մնացել, մյուս երկրներն են առաջ գնացել»,- ընդգծեց Գ.Մակարյանը:

Հարցին, թե ի՞նչ է նշանակում՝ «լղոզված», Գ.Մակարյանը պատասխանեց. «Ամեն երկրում հարցումներն իրականացնում են տեղական լիազորված կազմակերպությունները, որոնք այդ հարցումները պետք կատարեն մաքսիմալ անկողմնակալ, որ կարողանան տեսակետները հավաքել և ճշգրիտ գնահատել: Սակայն, կախված նրանից, թե կոնտինգենտն ում ես ընտրում՝ ընտրում ես հիմնարկնե՞ր, որոնք պայծառ դեմքով գոհ են կառավարությունից, թե՞ ընտրում ես կազմակերպություններ, որոնք իրականում գտնվում են շուկայի ամենախրթին խնդիրների մեջ, բնականաբար, տարբեր արդյունքներ կլինեն: Հետևաբար, ես կարծում եմ, որ այդ գործոնը նույնպես էական նշանակություն ունեցել է»:

Նկատենք, որ ՀՀ-ում Մրցունակցության համաշխարհային զեկույցի համար հարցումներն իրականացնում է «Տնտեսություն և արժեքներ» կազմակերպությունը՝ «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության հետազոտական թևը: Կազմակերպության ղեկավարը Մանուկ Հերգնյանն է, ով վայելում էր Տիգրան Սարգսյանի բարեհաճությունը: Նախկին վարչապետն անձամբ և տևական ժամանակով ներկա էր գտնվում կազմակերպության շնորհանդեսներին: Ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս