Ինչպես է տեղի ունեցել վթարը, և ինչու ինքը մինչ այժմ ցուցմունք չի տվել. Դատարանում ցուցմունք է տալիս Վարդան Պետրոսյանը
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այժմ ցուցմունք է տալիս Վարդան Պետրոսյանը: Մինչ ցուցմունք տալը՝ նա նախ նշեց, որ երեկ հեռուստատեսությամբ ֆիլմ է ցուցադրվել, որտեղ նաև ինքն է խոսել, շատերը մտածել են՝ ինքն ազատության մեջ է: Վարդան Պետրոսյանը խնդրեց զերծ մնալ այնպիսի հաղորդումներ ցուցադրելուց, որտեղ ինքը ներկա է:
Անդրադառնալով իր ցուցմունք չտալու հանգամանքին՝ Վարդան Պետրոսյանն ասաց, որ առաջին պատճառն այն է, որ ավագ քննիչ Հայկարամ Հակոբյանը մի քանի անգամ փորձել է ցուցմունքներ կորզել իրենից՝ առանց իր փաստաբանի ներկայության: Երկրորդ պատճառն այն էր, որ իրենց ժամանակին չէին տրամադրվում իրենց հասանելիք փաստաթղթերը, ինքը նշել է, որ ցուցմունք չտալու իրավունք ունի, բայց ցուցմունք չի տալիս՝ որպես բողոքի ակցիա:
Երրորդ պատճառը, ըստ Վարդան Պետրոսյանի՝ այն է, որ իր նախաձեռնությամբ ինքը որոշել է միակողմանի քայլեր անել՝ գնալ հաշտեցման. առաջին քայլն էր ցուցմունք չտալը, որովհետև կարծել է, որ դրանք հակասության մեջ են տուժող կողմի ցուցմունքի հետ:
Ըստ ամբաստանյալի՝ այդ քայլն ագրեսիվ հակազդեցություն է ստացել, անգամ նշվել է, թե ինքը տղամարդկություն չի ունեցել ցուցմունք տալու: Ամբաստանյալն ասաց, որ նման պայմաններում իր համար «լռելն ավելի տղամարդկություն էր»:
Վարդան Պետրոսյանն ասաց, որ նախապես պայմանավորվածություն ունենալով «Չէին սպասում» հաղորդաշարի հետ՝ գնացել է Սարալանջ գյուղի իր տուն, որտեղ զբաղվել է ընկույզներ հավաքելով, հետո զրուցել է հարևանների հետ:
Այդ օրը, ըստ նրա, կատարվել է նկարահանումը, ապա նկարահանման ռեժիսորն առաջարկել է նկարահանել «Քաղցած չէին սպասում» հաղորդումը: Ինքն այնքան էլ կողմ չի եղել, սակայն համաձայնել է:
Վարդան Պետրոսյանն ասաց, որ այդ օրն իր բնակարան պետք է գային քույրը, նրա աղջիկը և եղբորորդին, որոնց ինքը խնդրել է մի քանի բան գնել սուպերմարկետից և բերել: Վարդան Պետրոսյանն ասաց, որ նկարահանումների ժամանակ բացառվում է օղի դնել սեղանին, բացառվում է օղու շշի տեղադրումը. նա նշեց, որ պատահական բան սեղանին չի դրվում: Վարդան Պետրոսյանի խոսքով՝ հաղորդման կադրերում պատկերվում է՝ ինչպես է օղու փոխարեն ջուր լցվում ամանի մեջ, նկարահանման ժամանակ էլ մեկն ասում է՝ «ջուրը լցվեց, ռեժիսորն ասել է՝ ստոպ, փչացրիք կադրը, լսվեց «ջուրը լցնել» բառը»:
Վարդան Պետրոսյանն ասաց, որ նկարահանումից հետո դուրս է եկել տանից և շարժվել դեպի Երևան. հաջորդ օրը նկարահանում ուներ: Նա վստահեցրեց, որ նկարահանումից առաջ, դրա ընթացքում ինքն օղի չի օգտագործում:
Ըստ նրա՝ մթության մեջ ինքը նկատել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որի հետադարձ լույսը վառված էր, ինքը մի անգամ նշան է արել մոտակա և հեռակա լույսերով: Նա նշեց, որ վթարը տեղի է ունեցել բանուկ մասում: Վարդան Պետրոսյանն ասաց, որ դատաքննությանն է թողնում հարցը՝ մինչև ավտովթարը իր վարած ԲՄՎ մակնիշի ավտոմեքենան ի՞նչ արագությամբ է ընթացել: