Բաժիններ՝

«Դ!եմ եմ»-ի անդամը՝ վարչապետի արձագանքի մասին. «Այն դասախոսները, որոնք համատեղությամբ չեն աշխատում, նրանց հարցը չի՞ լուծվելու»

«Երիտասարդ դասախոսները հենց իրենք էին բաց նամակով դիմել ՀՀ վարչապետին, որն այսօր արձագանքել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում: Կարծես թե որոշ հարցերի փորձում են լուծում տալ, իհարկե, դա չի ծածկի բոլոր հարցերը, որոնք ունի այս խնդրահարույց օրենքը, սակայն ամեն դեպքում այս պահին արձագանքն այդպիսին է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Դ!եմ եմ» թիմի անդամ Մանե Թանդիլյանը՝ խոսելով իրենց ներկայացրած կոչի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ այսօր կառավարության նիստում երիտասարդ դասախոսների կողմից բարձրացրած խնդրի մասին:

Հիշեցնենք, որ այսօր «Դ!եմ եմ» թիմը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով մի շարք ԲՈՒՀ-երի ռեկտորներին ամենաբարձր ատյաններում անդրադառնալ խնդրին և իրենց պաշտոնական դիրքորոշումը հայտնել` դատապարտելով ԲՈՒՀ-երի դասախոսական անձնակազմի կազմալուծմանը միտված այս քաղաքականությունը.

«Պահանջում ենք օր առաջ անդրադառնալ այս խնդրին և ամենայն լրջությամբ բարձրացնել հարցը պետական առավել բարձր օղակներում՝ կանխելով կրթական համակարգի ներկա կործանարար ուղին»,- նշված է «Դ!եմ եմ»-ի հայտարարության մեջ:

Այսօր կառավարության հերթական նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս անդրադարձել է այս խնդրին՝ ասելով

«Հաշվի առնելով պատասխանատուների մտահոգությունները՝ հանձնարարել եմ Ֆինանսների նախարարին՝ ուսումնասիրել և առաջարկություններ ներկայացնել համապատասխան իրավական ակտ ընդունելու և հարկային մարմնի տեղեկատվական համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հնարավորություն տալով սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարվելու դիմում ներկայացնելու նաև այն անձի կողմից, ով համատեղությամբ աշխատում է բարձրագույն ուսումնական հաստատությունում և հիմնական գործատուն չի հանդիսանում պետական կազմակերպությունը»:

Մեզ հետ զրույցում Մ. Թանդիլյանն ասաց, որ ամեն դեպքում այսօր հայտնի դարձավ, որ այդ հարցին մասնակիորեն լուծում են տալիս՝ հատկապես նրանց համար, ովքեր համատեղությամբ են աշխատում. «Հիմա ինձ մոտ բնականաբար առաջանում է հաջորդ հարցը, իսկ այն դասախոսները, որոնք համատեղությամբ չեն աշխատում, նրանց հարցը չի՞ լուծվելու: Սրա համար լրացուցիչ բողոքի ալիք պետք է բարձրանա, որպեսզի այս հարցը ևս լուծվի: Այսինքն՝ եթե անգամ արձագանքելով ինքը ցրի այս պահին, ռեկտորները կարող են ամեն դեպքում ևս մեկ անգամ բարձրաձայնել արդեն ոչ միայն որպես մտահոգ քաղաքացիներ, այլև կառույցի աշխատանքների համար»:

Հարցին, թե հավատո՞ւմ եք, որ ռեկտորները կարձագանքեն այդ կոչին, Մ. Թանդիլյանն այսպես պատասխանեց. «Կոչ անել, բարձրաձայնել՝ չի նշանակում անպայման հավատալ, և չի նշանակում չհավատալ: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ անգամ եթե իրենք տեղեկացված չէին, այս պահին կտեղեկանան, եթե տեղեկացված են՝ ոչինչ չեն անում, բնականաբար, այդ կոչը չէ, որ նրանց կդրդի: Ամեն դեպքում, ես կարծում եմ՝ գոնե փոքր-ինչ պատվախնդրություն կառաջանա իրենց մեջ՝ որոշակի քայլեր նախաձեռնելու և գոնե բարձրացված հարցերի համպատասխան ճիշտ պատկերը կարտացոլեն և ճիշտ պատասխաններ կտան ու կբացատրեն իրավիճակը, թե իրականում ինչպիսին է, և ինչպիսի հարված է ստանում պետական ԲՈՒՀ-ը՝ կորցնելով երիտասարդ դասախոսներին»:

Մ. Թանդիլյանը նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան բավականին բացթողումներ այս օրենքի մեջ՝ իրենք իսկապես փորձում են հավաքել նաև այն կետերը, որոնք խնդրահարույց են, որ նորից բարձրաձայնեն, նորից պայքարեն. «Ինչպես տեսաք՝ այսօր հայտնվեց կոչը, այսինքն՝ մենք որոշ քայլեր կատարում ենք, բայց զբաղվածության պատճառով շատ չենք հասցնում, ամեն դեպքում հուսով եմ, որ կկարողանանք ըստ հանության պահանջի արձագանքել»:

Հարցին, թե ի՞նչ ձևերով է նա պատկերացնում պայքարը, «Դ!եմ եմ»-ի անդամը պատասխանեց.

«Տարբեր ձևերով, ինչպես միշտ, բոլոր հարթություններում մենք պայքարելու ենք՝ լինի իրավական, սահմանադրական, պատգամավորական, փողոցում, տարբեր կոչերով, ակցիաներով: Այս պահին հստակ պլաններ, քայլերի հաջորդականություն չկա, որոնց մասին կարող եմ խոսել, բայց ամեն դեպքում մենք, ըստ պահանջարկի և ըստ մեր ունեցած հնարավորությունների, ամեն քայլի էլ պատրաստ ենք լինելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս