«Ոստիկանապետն ասում էր՝ յուրաքանչյուրի մոտ գիտենք՝ ինչքան է և որտեղ է գտնվում: Ո՞ւր է». բանդայի գործով հետազոտվեցին իրեղեն ապացույցները
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր բանդայի գործով դատական նիստի ընթացքում հետազոտվեցին իրեղեն ապացույցները: Քրեական գործին որպես իրեղեն ապացույցներ կցված էին ֆոտոխցիկ, բջջային հեռախոսներ, կպչուն ժապավեններ, գործով տուժողների հագուստներ, դիմակներ, օծանելիք և այլ իրեր: Կարծիք հայտնելով քրեական գործին կցված 3 բջջային հեռախոսների մասին՝ գործով ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանն ասաց. «Ի՞նչ է ապացուցում, որ իրեղեն ապացույց են ճանաչել: Ի՞նչ կապ ունի այս քրեական գործի հետ»: Պաշտպանը նշեց, որ նախաքննական մարմինը երեք հեռախոսների գործարանային համարը արձանագրել է, սակայն դրա փոխարեն դեպքի վայրի արձանագրության մեջ չի ֆիքսել ֆոտոխցիկի գործարանային համարը:
Մեղադրողն էլ ասաց, որ քրեական գործի նյութերում բազմիցս հիշատակվում է, որ բանդայի անդամները բազմիցս գնել են մի շարք նոր հեռախոսներ, նոր բջջային քարտեր, որպեսզի կարողանան քարտերն ու հեռախոսները հաճախակի փոխել. «Այդ իսկ պատճառով այդ հեռախոսներն ունեն մեծ ապացուցողական նշանակություն»,- ասաց նա:
Դատարանում զննվեցին գործով տուժողների հագուստները, որոնց վերաբերյալ փաստաբան Կարեն Հակոբյանը հայտարարեց. «Քննիչները ինչ-որ կարևոր է չեն առգրավվել, չեն ֆիքսել, այլ դեպքի հետ չառնչվող տուժողի հագուստները առգրավվել, իրեղեն են ճանաչել: Սրանով ի՞նչ է հիմնավորվում: Ըստ էության՝ ոչ մի բան»:
Դատարան էին ուղարկվել նաև դիմակներ: «Դուք պատկերացրեք այսպիսի ֆանտաստիկ մի երևույթ: Հիմա մենք շատ լուրջ ենք ընդունում, մանավանդ այսպիսի քրեական գործով: Ես չգիտեմ՝ այս դիմակն ո՞ւմն է: Բայց երբ, այսպես կոչված, գենետիկական փորձաքննություն է նշանակվել, հանկարծ պարզվել է, որ այս դիմակի վրա միայն Հակոբյանի քրտինքի նմուշներն են, այս մի դիմակի վրա՝ Մանուկյանի, այս մյուսի վրա՝ Քյարամի: Ուրիշ մեկինը չէ: Միայն նրանն է: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս է պատահել, որ Հակոբյանը և մյուսները ամեն անգամ (այդպես է երևում քրեական գործով) հենց այս դիմակն են վերցրել, չեն շփոթել»,- դիմակների մասին խոսելով՝ ասաց պաշտպան Հովիկ Արսենյանը:
Մեղադրողն էլ ի պատասխան ասաց, որ մի դեպքում քրտինքի հետքը կարող է մնալ, մյուս դեպքում՝ ոչ. «Ինչ-որ փաստեր են նշում, որոնք գործի մեջ չկան, որ Արտուշ Հակոբյանը մի քանի անգամ է դիմակ հագել: Մենք գործում նման տվյալ չունենք: Մենք ունենք, որ Արտուշ Հակոբյանը մասնակցել է ընդամենը Ազիզյան Նապոլեոնի տան ավազակային հարձակմանը և օգտագործել է ընդամենը մեկ դիմակ: Եթե դուք ուրիշ տվյալ ունեք, հայտնեք»: Ամբաստանյալ Արտուշ Հակոբյանն ի պատասխան ասաց, որ ինքը հարձակման օրը ծննդյան տոնի է եղել և կապացուցի, որ չի մասնակցել ավազակային հարձակմանը, բնականաբար՝ դիմակ չի հագել:
Ամբաստանյալ Արտուշ Հակոբյանը դատարանում հայտարարեց, որ իրեղեն ապացույցների շարքում ընդգրկված մարիխուանա տեսակի թմրամիջոցն իրենը չէ. «Իմը չէ: Եթե իմը լիներ, իմ մատնահետքերը վրան կլինեին»:
Դատավորի հարցին՝ ինչպե՞ս է ըստ նրա այն հայտնվել իր մեքենայում, ամբաստանյալը պատասխանեց. «Եսիմ: Էդ մեքենան ով ռեստորանից վարել, բերել է 6-րդ վարչության բակ, կարելի է նրանից հարցնել»: Հովիկ Արսենյանն էլ ասաց, որ քրեական գործում առկա է դատարանի կողմից 2011թ. սեպտեմբերի 25-ին տրված խուզարկության որոշումը:
«Մենք նայեցինք նաև Արտուշ Հակոբյանի կողմից ներկայացված տեսաերիզը: Ըստ էության՝ նկարահանումը կատարվել է 02-ի կողմից: Այնտեղ դրվագներ կան, որ 2011թ. սեպտեմբերի 24-ի երեկոյան մթության պայմաններում օպերատորը նկարահանում է կատարում ավտոմեքենայի ներսում, և դրանից այլևս մի բան հասկանալի է, որ ապօրինի է խուզարկությունը կատարվել, այսինքն՝ արդեն իսկ խուզարկություն է կատարվել՝ չունենալով թույլտվություն, և զուտ ձևական, արտաքին իրավական կողմը պահպանելու նպատակով հաջորդ օրը միայն դատարանից թույլտվություն են վերցրել և խուզարկություն կատարել, և բնականաբար կատարվել է ապօրինի խուզարկություն, ապօրինի գործողություններ, և դա է պատճառը, որ Արտուշ Հակոբյանը չի ճանաչում «ուպսայի» միջի պարունակությունը կամ «ուպսան» ընդհանրապես»,- ասաց Հովիկ Արսենյանը:
Նա նաև հավելեց. «Այդքանը որ ցույց եք տալիս, զուտ իմիտացիա է, ձևականություն»:
Դատավորի հարցին՝ ո՞ւմ համար, Արսենյանը պատասանեց. «Դուք մեղավոր չեք, է: Բերել են, լցրել գլխներիս: Ստիպված ենք բացելու, խալխի շորը, մազը և այլն, և այլն: Թե ինչ իմաստ ունի, գլխի չեմ: Բայց մի բան հասկանալի է: Բազմաթիվ իրեղեն ապացույցներ կան այդ քրեական գործով, ինչպես ոստիկանապետն ասում էր՝ յուրաքանչյուրի գողոնը, յուրաքանչյուրի մոտ գիտենք՝ ինչքան է և որտեղ է գտնվում: Ո՞ւր է»:
Լուսանկարները՝ 168.am-ի