Լևոն Բարսեղյան. Մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը նոր ծնունդ ունեցավ, նոր կյանք մտավ (տեսանյութ)

«Սերժ Սարգսյանը ո՛չ 2008, ոչ 2013 թվականին չի ընտրվել հանրության կողմից, իշխանության է եկել զանգվածային կեղծիքների, գնդակահարությունների, քաղաքական կեղծիքների միջոցով, դրա համար էլ այդ մարդու վարքը հասարակության հետ կապ չունի, նա իր թիկունքում հանրություն չի զգում»,- այս մասին այսօր Հայաստանի՝ ՄՄ-ին և ԵՏՄ-ին անդամակցելու դեմ կազմակերպված հանրահավաքում հայտարարեց Գյումրիի  ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Ըստ նրա՝ ավելի ճիշտ կլիներ, եթե Ս. Սարգսյանը սեպտեմբերի 3-ին գար ու ասեր՝ «ստիպված էի, ժողովուրդ, սենց բան եմ ասել, բայց հիմա գտնում եմ, որ Հայաստանի ինքնիշխանությունն է գերագույն արժեք, ոչ թե իմ պաշտոնը». «Լիքը մարդ, ըստ երևույթին, իրեն կպաշտպաներ, բայց՝ ոչ, մարդու խնդիրները բոլորովին այլ են, քան Հայաստանի սահմանադրությունն է պահանջում իրենից»,- նշեց Լ. Բարսեղյանը:

Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության մոգոնումը նա համաչրում է Կրեմլի՝ ռուսական կայսրության վերկանգման սցենարներից մեկն է, և այդ սցենարը, նրա դիտարկմամբ՝ չի կարող առանց Ուկրաինայի լուրջ  լինել. «Ու ինձ թվում է՝ Ուկրաինայի հանգամանքով է, որ այս ամբողջը ձախողվում է՝ գումարած ռուսական մի շարք խեղկատակների այն ռեպլիկները, որոնք կատաղեցնում են ոչ միայն հայ հանրությանը, այլև արդեն Ղազախստանի ղեկավարությանը, Բելառուսի ղեկավարությանը: Բանը հասավ այնտեղ, որ Ղազախստանին սկսեցին սպառնալ, Ղազախստանի նախագահը սկսեց ինչ-որ բաներ ասել, Ուկրաինայում արյուն են խմում, տարածքների անեքսիա է, և առանց Ուկրաինա կարծես թե սցենարը ձախողվում է: Հայասանն այնտեղ իրեց համար մանրադրամ է, ցավոք»,- հայտարարեց նա:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք, որ ընդհանարպես այդ միությունը չկայանա, Լ.Բարսեղյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես համարում եմ, որ դա կարող է լինել շատ ձևական: Ձևական ձգեն, միացնեն ինչպես ԱՊՀ-ն է, ՀԱՊԿ-ն է: Ո՞ւր էր այդ հավաքական անվտանգության պայմանագիրն օգոստոսի սկզբին, երբ երրորդ երկիրը հարձակվում էր ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի հանրապետության վրա: Այսինքն՝ դրանք ձևական են»:

Լ.Բարսեղյանի կարծիքով՝ մեր «դարդն» այն է, որ մեր իշխանությունը մեզնից չէ. «Սա է ամբողջ խնդիրը: Ցանկացած պետություն իրավունք ունի ցանկացած գործիք ներդնել իր երկրի կամ երկրի ժողովրդի շահերը պաշտպանելու համար: Բա մեր երկրի իշխանություննե՞րը, կոնկրետ Սերժ Սարգսյանի և իր կլանի մասին է խոսքը: Նա շատ կոնկրետ կամակատար է նրան, ում իրեն հարմար է գտնում որպես հովանավոր: Պուտինն ասեր՝ կգնաս, կհայտարարես, որ Հայաստանը ցանկություն է հայտնել միանալ Կամչատկային, նա կհելներ դա կհայտարարեր: Սուտ է խոսել սեպտեմբերի 3-ին մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը, բառացիորեն հայտարարել է՝ Հայաստանը ցանկություն է հայտնել միանալու Մաքսային միությանը: Հայաստանը ոչ մինչ այդ, ոչ մինչև հիմա որևէ նման ցանկություն իշխանության որևէ օղակի մակարդակով չի հայտնել: Այ ընգեր, ինչ՞ հիման վրա ես ասում, որ Հայաստանը նման ցանկություն է հայտնել: Այսինքն՝ խաբել ես մարդկանց: Մայիսի 29-ին Աստանայում սուտը շարունակում է, ասում է՝ Հայաստանի հասարակությունը և գործարար աշխարհն իր համար նախանշել է Եվրասիական տնտեսական միությանը միանալու ինչ-ինչ ժամկետներ: Չի նախանշել հայաստանյան հասարակությունն իր համար որևէ նման ժամկետ»,- ասաց Լ. Բարսեղյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե դուք հավատում ե՞ք, որ բողոքի ակցիաներ կազմակերպելով ձեր ձայնը լսելի կդառնա, Լ.Բարսեղյանն այսպես պատասխանեց. «Մեր ձայնը լսելի է, ուրիշ բան որ չի ազդվում դրանից և հրաժարական չի տալիս այդ մարդը»:

Մեկ այլ լրագրողի դիտարկմանն էլ, թե ցույցի մասնակիցները քիչ են, Լ. Բարսեղյանն այսպես արձագանքեց. «Ինչքան որ են: Գիտեք, Սերժ Սարգսյանին ընտրության արդյունքներով երևի մի 800 հազար մարդ ձայն է տվել: Հլը գտեք 8 հոգի, որ կհելնի կասի՝ ես Սերժ Սարսյանին ընդունում եմ, ճանաչում եմ որպես ՀՀ նախագահ»:

Հարցին՝ չարժե՞ր միավորվել այն խմբերի հետ, որոնք այսօր տարբեր ժամերի ցույցեր են անում, նա այսպես պատասխանեց. «Սա քաղաքացիական նախաձեռնություն է, որը, ճիշտն ասած, նախատեսված էր անել Մեդվեդևի գալու օրը: Պարզվեց, որ Մեդվեդևը փող, ժամանակ, ներվեր չունի Սերժ Սարգսյանի վրա ծախսելու, որոշեց չգալ: Մարդիկ որոշեցին նշել մեկ տարին, այսօր Սերժ Սարգսյանի առաջին տարեդարձն է: Մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը նոր ծնունդ ունեցավ, նոր կյանք մտավ: Մինչ այդ ինքը պարզապես իշխանության զավթիչ էր, իսկ անցած տարվա սեպտեմբերի 3-ին ինքը դարձավ Հայաստանի ինքնիշխանությունն ուղղակի աջ ու ձախ նվեր տվող մի անձնավորություն: Այսօր Մենք նշում ենք Սերժ Սարգսյանի առաջին տարեդարձը»:

Տեսանյութեր

Լրահոս