Բաժիններ՝

Մեր իշխանությունը սովորություն ունի խաբել մեզ. Վահագն Խաչատրյան

«Այս մեկ տարում Հայաստանի Հանրապետությունում որևէ փոփոխություն չէր կարող լինել, քանի որ օրակարգում մի խնդիր կա՝ կառավաման համակարգը փոխելը, որը սպառել է իրեն: Եթե Հայաստանն ուզում է որևէ հաջողություն ունենալ, դա պայմանավորված չէ որևէ միությանը միանալու գործոնով: Սեպտեմբերի 3-ն ապացույցն է նրա, որ ՀՀ-ում քաղաքական ու տնտեսական ռազմավարություն չկա: Եթե դա լիներ, սեպտեմբերի 3-ն անակնկալ չէր լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ կուսակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

Նա հիշեցրեց, որ մինչ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունը ՀՀ իշխանությունները լծված էին եվրաինտեգրման գործին, բայց 4 տարի հետո պարզվեց, որ դա լուրջ չէր. «Դա նաև խոսում է գործող իշխանության անլրջության մասին: Հակառակ դեպքում իշխանությունը կբացատրեր, թե ինչ է տեղի ունեցել: ԵՄ ասոցացման դեպքում էլ հստակ տեղյակ չէինք, թե ինչ է կատարվում և այդ դեպքում էլ մոտ 15 տարի մեծ օգուտ ՀՀ-ն չէր ունենա»:

Թե ի՞նչ կտա ՄՄ-ն՝ ՀՀ իշխանությունները նույնպես չեն պարզաբանում, հայ գործարարները չեն կարող ասել, թե ինչ փոփոխություն դա կբերի իրենց կյանքում, քանի որ չկա ընդհանուր սահման, և ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև Վրաստանն է:

Վ.Խաչատրյանի կարծիքով՝ ՄՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանն առավելություն չի ստանում, որովհետև այսօր էլ գործում են նույն առևտրային ռեժիմները, բայց լրացուցիչ խնդիրներ կլինեն, օրինակ՝ լրացուցիչ մաքսատուրքեր. «ՀՀ-ն իր բնույթով ոչ մրցակցային երկիր է և, ենթադրել, որ հետո մրցակցային կդառնա ու արդյունքում գները կիջնեն, իրատեսական չէ: ՄՄ անդամակցելուց հետո և´ քաղաքացիները, և´ բիզնես շրջանակը խնդիրներ կունենան»:

Կարդացեք նաև

Վ.Խաչատրյանի խոսքով՝ ԵՄ ասոցացման դեպքում ՀՀ իշխանություններին գրավել են տարբեր ծրագրերի ու բարեփոխումների հատկացվող տրվող գումարները, որոնք ի տարբերություն ՄՄ-ի, ԵՄ-ն տալիս էր: Սակայն, ըստ նրա, եթե ՀՀ-ն շարունակեր գնալ այդ ուղղությամբ, չի բացառվում, որ այստեղ էլ նույնը կատարվեր, ինչ Ուկրաինայում:

«Մաքսային միությանն անդամակցելու տնտեսական հիմնավորում չկա: Ընդհանուր սահման չկա, աբխազական երկաթուղին փակ է: Ամենաճիշտն այն է, որ գնանք ո´չ ԵՄ, ո´չ ՄՄ, այլ կարողանայինք զարգացնել բոլոր կառույցների հետ հարաբերությոնները: Բայց դա կարող է տեղի ունենալ միայն կառավարման համակարգի փոփոխման դեպքում»,- նշեց նա:

Վ.Խաչատրյանը շեշտեց, որ ՀՀ-ին այս ընտրության առջև՝ «կամ-կամ», պետք չէր դնել, իսկ գործող իշխանությունը հայերին պարտադրեց ՄՄ-ին անդամակցել՝ կորցնելով իր իմունիտետը. «Մենք մի խնդիր ունենք՝ իշխանությունը երբեք մեզ չի ասում՝ ինչ է կատարվում: Թող գաղտնիք չասեն, բայց գոնե տեղեկություն պետք է տան, թե ինչ է նշանակում դա՝ սահմանին մաքսակետ լինելո՞ւ է, թե՞ ոչ: Մեր իշխանությունը սովորություն ունի խաբել մեզ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս