
Պուտինը ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացումից ՌԴ-ի վնասը գնահատել է մինչև 100 միլիարդ ռուբլի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացումից Ռուսաստանի վնասը կարող է հասնել մինչև 100 միլիարդ ռուբլու: ԵՄ-ի չափորոշիչներին Ուկրաինայի տնտեսության անցումը երկրի համար 10 տարում կարժենա 165 միլիարդ եվրո:
Այս մասին Մինսկում Մաքսային միության առաջնորդների ու Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքերով՝ հարվածի տակ կընկնեն Ռուսաստանի արդյունաբերության ու գյուղատնտեսության ամբողջական հատվածներ, ինչն իր բացասական հետևանքները կունենա աճի ու զբաղվածության վրա: Պուտինն ընդգծել է, որ դրանից վնաս կկրեն նաև Մաքսային միության երկրների՝ Բելառուսի ու Ղազախստանի տնտեսությունները:
Պուտինը նկատել է, որ Ուկրաինայի կողմից ԵՄ-ից ապրանքների ներկրման մաքսատուրքերի զրոյացումը կհանգեցնի ուկրաինական շուկայում եվրոպական ապրանքների նշանակալից աճին, իսկ ավելի պակաս մրցունակ ուկրաինական արտադրանքը կուղարկվի Մաքսային միության շուկա և հիմնականում ռուսական շուկա:
Պուտինը չի բացառել, որ կարող է իրականացվել ռուսական շուկա ուկրաինական ապրանքների տեսքով եվրոպական ապրանքների ապօրինի վերարտահանում: Պուտինն օգտակար է համարել Մաքսային միության ու Ուկրաինայի փոխգործակցության աճը՝ կասկած հայտնելով, որ դա հնարավոր է ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման պայմաններում: