
Ամերիկյան ավիացիան հետախուզական թռիչքներ է իրականացնում Սիրիայի տարածքում. աղբյուր

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան ավիացիան սկսել է հետախուզական թռիչքներ իրականացնել Սիրիայի տարածքի վրայով: Այս մասին գործակալությանը հայտնել են նրա անանուն աղբյուրները:
Սրանից առաջ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտոնել էր Սիրիայի տարածքում օդից «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների բազաների դիտարկումը, սակայն չէր հաղորդվել հետախուզական թռիչքների մեկնարկի մասին:
Լրագրողները կարծում են, որ հետախուզական թռիչքներին կարող են հաջորդել Սիրիայում իսլամականների դիրքերին ավիահարվածները: Ինչպես որ ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տունը, Օբաման դեռ չի արտոնել դա:
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ը որոշի ավիահարվածներ հասցնել Սիրիայի տարածքում իսլամականների դիրքերին, ապա դրա համար կարիք չունի նախապես ստանալու Դամասկոսի թույլտվությունը: