Բաժիններ՝

Բոտուլոտոքսինը հաջողությամբ կիրառել են ստամոքսի քաղցկեղի դեմ

Ամերիկացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ստամոքսի շրջանում նյարդային իմպուլսների հաղորդման խանգարումը կարող է զգալիորեն դանդաղեցնել օրգանում նորագոյացության աճը: doctors.am-ի փոխանցմամբ՝ կատարված հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում:

Ստամոքսի քաղցկեղն աշխարհում չարորակ նորագայացությունների շարքում զբաղեցնում է չորրորդ տեղը և համարվում օնկոլոգիական հիվանդություններից մահացության ամենատարածված պատճառներից երկրորդը. ստամոքսի քաղցկեղով հիվանդների հնգամյա ապրելիությունը կազմում է ընդամենը 25%:

Կոլումբիայի համալսարանին կից բժշկական կենտրոնի հետազոտողները ուսումնասիրել են նյարդային իմպուլսների դերը ստամոքսի չարորակ նորագոյացությունների զարգացման մեջ: Այս օրգանի քաղցկեղային ուռուցք ունեցող մկներին բաժանել են երեք խմբի: Առաջին խմբի մկների մոտ վիրահատական միջամտությամբ (վագոտոմիա) հատել են ստամոքսի շրջանի թափառող նյարդի նյարդաթելերը, երկրորդ խմբի մկների մոտ հատել են միայն օրգանի մի մասը նյարդավորող նյարդաթելերը, իսկ երրորդ խմբի կենդանիների թափառող նյարդի շրջանում ներարկել են բոտուլոտոքսին՝ նեյրոտոքսին, որն արտադրվում է Clostridium botulinum բակտերիաների մոտ:

Փորձի արդյունքները ցույց են տվել, որ ստամոքսի լրիվ նյարդազերծման պարագայում առաջին և երրորդ խմբի կրծողների մոտ նշանակալի դանդաղել է ուռուցքային բջիջների աճը, իսկ երկրորդ խմբի մկների ուռուցքի աճը դանդաղել էր ստամոքսի միայն այն հատվածում, որը զրկվել էր նյարդային կծիկից: Գիտնականների խոսքերով դա կապված է այն բանի հետ, որ նյարդային հաղորդականության խանգարման հետևանքով դեպի ուռուցք չէր թափանցում ացետիլխոլին միջնորդանյութը, որն ապահովում է նյարդային իմպուլսի հաղորդումը մկանային հյուսվածքից դեպի գլխուղեղ և հակառակը:

Ացելտիլխոլինը նաև խթանում է բջիջների բաժանումը. հետևաբար, ինչպես ենթադրում են հոդվածի հեղինակները, բոտուլոտոքսինի կիրառումը օգնում է կանխել տվյալ միջնորդանյութի արտազատումը և դանդաղեցնում ստամոքսի քաղցկեղային բջիջների աճը: Նախակլինիկական հետազոտության տվյալների համաձայն՝ քիմիոթերապիայի հետ զուգակցված բոտուլոտոքսինի ներարկումը մեծացրել է կենդանիների ապրելիությունը 35%-ով՝ միայն քիմիոթերապիայի համեմատ:

Նրանց գործընկերների կողմից կատարված հետազոտությունը՝ 37 մարդկանց մասնակցությամբ, նույնպես ապացուցել է ստամոքի շրջանում թափառող նյարդի աշխատանքի խանգարմանն ուղղված թերապիայի արդյունավետությունը: Վագոտոմիայի ենթարկված 13 հիվանդներից 12-ի մոտ ստամոքսի քաղցկեղի կրկնում չի գրանցվել, այն դեպքում, երբ այդ միջամտությանը չենթարկված մնացած 24 հիվանդների մոտ բուժումից որոշ ժամանակ անց նույն հատվածում զարգացել է նոր ուռուցք:

Այժմ գիտնականները նախատեսում են մշակել ացետիլխոլինի ընկալիչները ճնշող դեղամիջոց: Այդ դեղամիջոցն ինվազիվ կամ բարդացած քաղցկեղի դեպքում ավելի արդյունավետ կլինի, քան վագոտոմիան և բոտուլոտոքսինի ներարկումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս