Նիդերլանդների տրամադրած Patriot զենիթա-հրթիռային համակարգերը Թուրքիայի տարածքը կլքեն հաջորդ տարվա հունվարին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Նիդերլանդների կառավարությունը չի երկարաձգել Թուրքիային տրամադրած Patriot զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) ծառայության ժամկետը:

Նիդերլանդները Patriot տիպի երկու համակարգ Թուրքիային հատկացրել էր նախորդ տարվա հունվարին՝ կապված Սիրիայի տարածքից բխող սպառնալիքներին դիմագրավելու հետ:

Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, ինչ Թուրքիան համապատասխան խնդրանքով դիմել էր ՆԱՏՕ-ին, ով 6 հատ Patriot համակարգ էր տրամադրել նրան (երկուական Patriot համակարգեր Թուրքիային հատկացրել էին ԱՄՆ-ն ու Գերմանիան): Այժմ Նիդերլանդների հատկացրած համակարգերը Թուրքիայի տարածքից դուրս են բերվելու 2015 թվականի հունվարի վերջին:

Նիդերլանդների կառավարությունը կարծում է, որ Սիրիայի տարածքից այլևս չեն սպառնում Թուրքիային, և հետևաբար այդ համակարգերը պետք է վերադարձնել Նիդերլանդներ: Դրանք Ադանայում տեղակայվել էին 2013 թվականի հունվարի 26-ին: Դրանց սպասարկման համար առաջին փուլում Նիդերլանդներից Թուրքիա էր ուղարկվել 250 զինծառայող:

Թուրքիայի խնդրանքով Նիդերլանդների կառավարությունը նախորդ տարի մեկ տարով երկարաձգել է Patriot համակարգերը Թուրքիայի տարածքում թողնելը: Ավելի վաղ՝ 1991 և 2003 թվականներին Պարսից ծոցի պատերազմների ժամանակ, Նիդերլանդները Patriot համակարգերը վերստին ուղարկել է Թուրքիա:

Տեսանյութեր

Լրահոս