Ռուսաստանցիների 24 տոկոսը Արցախը համարում է անկախ պետություն
Ռուսաստանի հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնն անցկացրել է սոցիոլոգիական հարցում եւ հետազոտություն` պարզելու ռուս հասարակության վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը` վկայակոչելով կենտրոնի պաշտոնական կայքը, հարցմանը մասնակցած քաղաքացիների 24 տոկոսը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն անկախ հանրապետություն է: Բնակչության 56 տոկոսը կողմ է արտահայտվել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, իսկ 14 տոկոսը վստահ է, որ խնդիրն անհնար է լուծել առանց զենքի գործադրման:
Հարցվողների 30 տոկոսը նշել է, որ չի հետաքրքրվում հակամարտության թեմայով եւ կոնկրետ դիրքորոշում հարցի առնչությամբ չունի:
Հետաքրքրական է, որ օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածության վերաբերյալ մանրամասներին տեղյակ էր հարցվածների 45 տոկոսը: Նրանցից 10 տոկոսը նշել են, որ տիրապետում են բոլոր մանրամասներին, իսկ 35 տոկոսը պատասխանել է, որ հակամարտության գոտում իրավիճակի թեժացման մասին լսել է, սակայն մանրամասներին չի տիրապետում: Հարցվածների 52 տոկոսը հայտարարել են, որ երբեւէ չեն լսել այդ գոտում հակամարտության մասին եւ այդ մասին տեղեկացել են սոցհարցման արդյունքում: