Բաժիններ՝

Պարույր Հայրիկյան. Մովսես Գորգիսյանը պետք է ազնվականացնի Պանթեոնը, քանի որ «այնտեղի» այլ քաղաքական գործիչները նսեմացնում են Պանթեոնը

«Մովսես Գորգիսյանը ազգային հերոս է և Մովսես Գորգիսյանը՝ որպես քաղաքական գործիչ, պետք է ազնվականացնի Պանթեոնը, որովհետև այնտեղ քաղաքական գործիչներ կան, որոնք չեն ազնվականացնում, այլ նսեմացնում են Պանթեոնը: Ամեն մարդ իր արժանավոր տեղը պետք է ունենա, չի կարելի մեր ազատամարտի նվիրյալներին առանձնացնել իրենց ընկերներից. կա Եռաբլուր: Եվ եթե այն ժամանակ, երբ իրենք հողին էին հանձնում նրան, և Եռաբլուրը չկար՝ այսօր կա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով Ծիծեռնակաբերդից ազատամարտիկների շիրիմները պանթեոն տեղափոխելու իր առաջարկության մասին, որը տարաբնույթ մեկնաբանությունների է արժանացել:

Նա պարզաբանեց, որ Կոմիտասի անվան Պանթեոնում հուղարկավորված են մարդիկ, քաղաքական գործիչներ, որոնք անկախության դեմ են պայքարել. «Վրաստանում իրենց պանթեոնից բոլորին մաքրեցին, Մոսկվայի սպասավորներին հեռացրին վրացական պանթեոնից: Գոնե Մովսեսին այնտեղ տանելով՝ մենք Պանթեոնը քաղաքական տեսակետից կազնվացնենք, եթե մշակութային իմաստով այնտեղ ունենք մեծեր՝ սկսած Կոմիտասից, ապա այնտեղ կլինի նաև Մովսես Գորգիսյանը՝ մեր ազգային մեծագույն դեմքերից մեկը»:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է այդ առաջարկը նա անում հենց հիմա.
«Այդ առաջարկը միշտ եղել է մեր մտքում և այդ առաջարկը կուսակցության կողմից բարձրացվելուց հետո է դառնում արդեն կիրառելի: Իսկ այնպես, մասնավոր բաներ միշտ էլ ասել ենք, որ ճիշտ չէ, որ Մովսեսը այստեղ է հողին հանձնված, մանավանդ ազգային հերոս է եղել»:

Ցեղասպանության 100-ամյակի վերաբերյալ երկու փաստաթուղթ է ընդունվելու: Առաջինը վերաբերում էր նրան, թե ինչպես պետք է ներկայացվի 100 տարի առաջ կատարված իրադարձությունները, երկրորդը՝ վերաբերում է Եղեռնի հուշարձանի տարածքը «կարգի բերելուն», այսինքն՝ համարժեք դարձնելու գաղափարին.

Կարդացեք նաև

«Այդ առումով մեկ ուղերձ հունիսի 29-ին հանձնել էինք Հովիկ Աբրահամյանին: Նա ոչ միայն ընդունեց, որ դա իսկապես կարևոր է, այլև ասաց, որ քննարկումներ կկազմակերպի, որպեսզի տեսնեն, թե ինչ կարծիքներ կան: Ցեղասպանության հուշարձանը իր նպատակին պետք է ծառայեցնել, որովհետև այնտեղ ամեն բան պետք է հիշեցնի 1915-1920 թվականների հայերի ցեղասպանությունը, իսկ որևէ այլ բան կշեղի հիմնական գաղափարից»,- ասաց Պ. Հայրիկյանը:

Իսկ թե ինչո՞ւ տարիներ առաջ Մովսես Գորգիսյանին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հուղարկավորելու որոշումն ընդունելիս նա չի ընդդիմացել այդ գաղափարին, Պարույր Հայրիկյանը նշեց, որ այդ ժամանակ նա երկրում չի եղել.

«Մովսեսի հուղարկավորության ժամանակ ես դրսում էի, արտաքսված էի: Ինձնից վախենում էին, որ մեր ժողովրդին ճիշտ ուղու վրա կտանեմ, դրա համար Գորբաչովն ինձ արտաքսել էր: Եվ հուղարկավորության ժամանակ Եռաբլուրը չկար, իսկ քանի որ Մովսեսին շատ էին գնահատում ժողովուրդը՝ որպես ինքնորոշման գաղափարի առաջամարտիկ, այդպիսի բացառիկ որոշում ընդունվեց»:

«Որոշումի պահին էլ, գիտեք, ժամանակավոր է եղել, և շատ խորը չի էլ թաղված: Բավականին նրբություններ կան, այսինքն՝ համարյա մակերեսին է հուղարկավորված, որովհետև մտածել են, որ սա ժամանակավոր է: Բարբաջողներ կան, որ՝ շիրիմը հանգիստ թողեք, բայց մենք ունենք արարողակարգ: Այսինքն՝ հատուկ եկեղեցական արարողակարգով է լինելու, այնպես որ՝ այդ տեսակետից էլ խնդիր չկա»,- հավելեց ԱԻՄ առաջնորդը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս