ՀՀԿ-ն խորհրդանշական նախագահ կդարձնի՞ Գագիկ Ծառուկյանին

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ սահմանադրական հանրաքվեն գարնանն անցկացնելու շուրջ քաղաքական որոշում է կայացվել: Ըստ նույն աղբյուրի՝ հանրաքվեի ժամկետների անընդհատ հետաձգումները, տարբեր հանրային քննարկումների անցկացումը պայմանավորված է բացառապես մի հանգամանքով. իշխանությունը փորձում է ժամանակ շահել և այդ ընթացքում բանակցությունների միջոցով որոշ քաղաքական կուսակցությունների համոզել, որպեսզի նրանք փոխեն իրենց վերաբերմունքը Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, այս հարցում որոշ առաջընթաց կա:

Ինչպես հայտնի է, խորհրդարանում ներկայացված 6 խմբակցություններից միայն երկուսն են կողմ արտահայտվում նոր Սահմանադրության ընդունմանը: Բացի ՀՀԿ-ից, Սահմանադրության փոփոխությանը կողմ է արտահայտվում նաև ՀՅԴ-ն, որը բացահայտ և քողարկված քարոզչություն է իրականացնում՝ հօգուտ նոր Սահմանադրության: Քողարկված՝ այն իմաստով, որ ՀՅԴ-ականները տարբեր առիթներով հայտարարում են՝ եթե խորհրդարանի ընտրությունները լինեին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով, խորհրդարանում ուժերի այլ դասավորություն կլիներ` ընդդիմությունը կլիներ մեծամասնության դերում:
Սակայն քառյակի մյուս երեք կուսակցությունները և ՕԵԿ-ը դեմ են նոր Սահմանադրություն ընդունելու գաղափարին: Նրանք հայտարարում են, որ եթե անգամ գործող Սահմանադրության մեջ փոփոխությունների անհրաժեշտություն կա, ապա այդ փոփոխությունը պետք է կատարի մի իշխանություն, որն ունի հանրային վստահություն, և այսօր հասարակությունը սահմանադրական փոփոխություններից որևէ ակնկալիք չունի:

Ավելի արմատական դիրքերից հանդես եկող ՀԱԿ ներկայացուցիչները հայտարարում են, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պետք է վերածել իշխանության վստահության հանրաքվեի, և «ոչ» ասելով առաջարկվող նախագծին՝ պետք է «ոչ» ասել իշխանությանը:
Իշխանությունը հասկանում է, որ խորհրդարանում ներկայացված ոչ բոլոր ուժերը կպաշտպանեն նոր Սահմանադրության նախագիծը, և այդ հարցում 100 տոկոսանոց կոնսենսուս ձևավորելն անհնարին է: Բայց իշխանության համար ավելի կարևոր է, որ սահմանադրական փոփոխությունների գաղափարի կողմնակիցների շարքում, բացի ՀՅԴ-ից, լինի նաև առնվազն ԲՀԿ-ն:

Իսկ ի՞նչ կարող է առաջարկել իշխանությունը ԲՀԿ-ին, որպեսզի վերջինս վերակողմնորոշվի Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հարցում: Միակ ծանրակշիռ փաստարկը հօգուտ փոփոխությունների այն է, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգի պայմաններում ԲՀԿ-ն ավելի մեծ ներկայացվածություն կունենա խորհրդարանում, քան ունի այսօր և քան կարող է ունենալ գործող խառն ընտրական համակարգի պայմաններում:
2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն ստացել էր 450 հազարից մի փոքր ավելի ձայն կամ 31 տոկոս: Եթե ընտրությունները լինեին 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ԲՀԿ-ն ներկա 36-ի փոխարեն՝ կունենար 41 պատգամավոր: Իհարկե, 5 պատգամավոր ավելի ունենալը չի նշանակում՝ ունենալ մեծամասնություն: Բայց ԲՀԿ-ում կարող են հաշվել, որ եթե հաջորդ ընտրությունները ևս տեղի ունենան խառն ընտրակարգով, ապա իրենք ավելի քիչ պատգամավոր կունենան, քան ունեն այսօր: Մասնավորապես, ԲՀԿ-ն մեծամասնական ընտրատարածքներում հաղթելու անհամեմատ ավելի քիչ հնարավորություն կունենա, կամ ԲՀԿ-ականներին ավելի քիչ հնարավորություն կտրվի, քան տրվել է 2012թ. ընտրությունների ժամանակ:

Կարդացեք նաև

ԲՀԿ-ում հակասական տրամադրություններ են: Մի կողմից՝ նրանք հասկանում են, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի դեպքում ԲՀԿ-ն իսկապես ավելի շատ պատգամավոր կարող է ունենալ, քան հիմա: Բայց մյուս կողմից՝ այս կուսակցությունում մտածում են, որ սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը Սերժ Սարգսյանի իշխանության պահպանումն է՝ այս անգամ արդեն՝ վարչապետի պաշտոնում: ԲՀԿ-ում մտավախություն ունեն, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու և կառավարման մոդելի փոփոխության իմաստը հենց այդ ծրագրի իրականացումն է, այն դեպքում, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 2018թ. նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակ ունի:

ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի համագործակցությունը սահմանադրական փոփոխությունների և իշխանության կիսման առումով կարող է կայանալ, եթե ՀՀԿ-ն երաշխիք տա, որ 2018թ. նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը հաղթելու և նախագահ դառնալու հնարավորություն կստանա: Ճիշտ է, նոր նախագահն օժտված կլինի միայն խորհրդանշական լիազորություններով և սահմանափակ գործառույթներով, սակայն ԲՀԿ նախագահը պատրաստ է բավարարվել նաև դրանով: Որոշ ՀՀԿ-ականներ պնդում են, որ այս պայմանավորվածությունն արդեն կայացել է:

 

Տեսանյութեր

Լրահոս