Բաժիններ՝

Եվրոպայում ստիպված են բերքը ոչնչացնել. Գագիկ Մակարյան

Եվրոպայի պատժամիջոցների արդյունքում շատ մեծ խառնաշփոթ է առաջացել հենց Եվրոպայում և ստիպված են բերքը ոչնչացնել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ նշելով, որ, օրինակ, Լեհաստանը խնձորի շատ մեծ բերք ունի, կառավարությունը նույնիսկ իր քաղաքացիներին հորդորել է շատ խնձոր ուտել, փորձում են ամերիկյան շուկա արտահանել, բայց ԱՄՆ-ում էլ խնձորի բերքն այս տարի շատ է:

«Եվրոպական երկրներն այսօր խնդիր ունեն իրենց փոքր բիզնեսին բացատրելու, թե իրենց իսկ ձեռնարկած պատժամիջոցների արդյունքում ինչու առաջացավ նման խնդիր: Չիլիի, Բրազիլիայի տարբեր կազմակերպություններ արդեն շտապոմ են գրավել ռուսական շուկան և փորձում են բանակցել ՌԴ հետ: Այս պարագայում ՀՀ-ն արագության խնդիր ունի, որ շատ կարևոր է, որ ծավալները մեծացնելու համար իրականացվող քայլերն արագությամբ կատարի: Եթե շարժվենք զուտ իներցիայով, բեռը թողնելով մասնավոր սեկտորի վրա, որն արագ չի կողմնորոշվում, մենք կպարտվենք: Հատկապես, որ Եվրոպական միությունում կարծիք կա, որ 2-3 ամիս հետո, հնարավոր է, պատժամիջոցները վերացվեն: Այսինքն, եթե հիմա նույնիսկ հայկական ընկերությունները քայլեր ձեռնարկեն, բայց 2-3 ամսում եթե պայմանագրեր չկնքեն և որոշակի դիրքեր չգրավեն, մի քանի ամսից կարող է ամեն ինչ նորից ետ վերադառնալ: Այսինքն՝ նորից հին պայմանագրերով եվրոպական ֆիրմաները կզբաղվեն մատակարարումներով»,- ասաց Գ.Մակարյանը:

Ըստ նրա՝ ՀՀ-ում արտահանման ենթակա ամենարագ ճյուղը գյուղատնտեսության ոլորտն է, և հիմա կարելի է շատ էժան վարկեր տրամադրել արտադրողներին, սուբսիդավորել նրանց ունեցած վարկերը, ավելի ցածր տոկոսներով վարկեր տալ, որպեսզի կարողանան ծավալները մեծացնել. «Այդ դեպքում կարելի կլինի գյուղացուց մթերել մեծ քանակի բերք: Օրինակ՝ ՀՀ-ն այսօր դեղձի մեծ քանակության բերք է ստացել և կարելի է դեղձի մուրաբաների, հյութերի, չրերի արտադրությունը խթանել: Ներկայումս մասնավոր հատվածը չի կարող արագ ընկալել ռուսական շուկայի նրբությունները, հասկանալ, թե ապրանքների պահանջարկն ինչպիսին է: Իրենք ժամանակ չունեն գնալ-գալ, ծախս կատարել: Դա պետությունը պետք է կատարի, ՌԴ կառավարությանը հարցում անի և քվոտավորի»:

Գ.Մակարյանի կարծիքով՝ ՀՀ կառավարությունն անցած տարի մի հետաքրքիր նախաձեռնություն է սկսել՝ զարգացնելով տարածաշրջանային մարքեթինգային կլաստերների գաղափարը. սովորաբար, քանի որ փոքր բիզնեսները չեն կարողանում մարքեթինգ իրականացնել, դրանց խմբավորում են մի մարքեթինգային կլաստերի մեջ, որին միանում են բիզնես միություները, կառավարությունը և միասին իրականացնում են մարքեթինգ. «ՀՀ-ում անցած տարի կառավարությունն ընդունեց «Հայկական գինիների» բրենդի զարգացման ծրագիր, որի զարգացումը պետք է արագացվի: Նման քայլերի իրականացման դեպքում գյուղ.մթերքների արտահանումը առնվազն 30%-ով կարելի է ավելացնել, ինչը բավականին լուրջ քանակություն կարող է լինել այս տարվա համար, իսկ 3 տարում վերամշակման գործարաններն ամբողջ հզորությամբ աշխատացնել և այդ թիվը կարելի կլինի կրկնապատկել»:

Միության նախագահը նշեց, որ արդյունաբերության մյուս ուղղություններով ՀՀ-ն արտահանման մեծ պոտենցիալ առանձնապես չունի. «Հանքարդյունաբերությունը հիմանակնում ՌԴ չի գնում, գնում է Եվրոպա՝ ստանդարտ գներով ու ծավալներով, մեքենաշինության, էլեկտրոնիկայի ոլորտում խեղճ ենք: Հիմնական արագ արձագանքող ճյուղը գյուղմթերքների վերամշակումն է, որ մի քանի շաբաթում կարելի է հսկայական արդյունք ունենալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս