ՄԻԵԴ-ի իրավասությունից դուրս գալը հնարավոր է, սակայն այժմեական չէ. Պուտին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Յալթայում Պետդումայի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած բազմաթիվ որոշումներ շատ քաղաքականացված են:
Պուտինի խոսքերով՝ իրենց օրակարգում չի գտնվում ՄԻԵԴ-ի իրավասությունից Ռուսաստանի դուրս գալու հարցը, թեև դա հնարավոր է. «ՄԻԵԴ-ը չի կարգավորում իրավական հարաբերությունները, չի պաշտպանում որևէ մեկի իրավունքները, փոխարենը պարզապես կատարում է քաղաքական ինչ-ինչ գործառույթ:
Դրա վառ օրինակներից մեկն այն է, որ Ռուսաստանին տուգանեցին Մերձդնեստրի համար, թեև մենք որևէ կապ չունեինք դրա հետ: Այնտեղ՝ Մերձդնեստրում, մարդ են պահում բանտում, իսկ դրա համար Ռուսաստանին են տուգանում: Կատարյալ անհեթեթություն, բացարձակապես ոչ իրավական որոշում, սակայն դա տեղի է ունեցել»:
Դրա հետ մեկտեղ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երկխոսություն է պահպանում և քննարկումներ է անցկացնում ՄԻԵԴ-ի հետ. «Բայց եթե նման պրակտիկան ամրապնդվի, ապա դա (ՄԻԵԴ-ի իրավասությունից դուրս գալը) հավանաբար հնարավոր է, սակայն այդ հարցը դեռ չի գտնվում մեր օրակարգում»: