«Բաքվում պետք է հասկանան, որ հայերը չեն պատրաստվում հանձնել իրենց հողերը». Վլադիմիր Եվսեև

ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազոտական կենտրոնի փորձագետ, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը և ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրների մասին:

Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Մոսկվայում մարդկանց հետաքրքրում է , թե ինչպես են մարդիկ ապրում Ղարաբաղում հիմա, թե ինչ է այնտեղ կատարվում, և համեմատական անցկացրեց Ուկրաինայի ու Ղարաբաղի միջև՝ խոսելով նաև Ղարաբաղի շուրջ կատարվող ակտիվ գործողությունների մասին. « Որպես ռազմական փորձագետ՝ կարող եմ ասել, որ այն ինչ կատարվեց  90-ականներին  Ղարաբաղում, հիմա կատարվում է Ուկրաինայում՝ ավելի  սարսափելի մասշտաբով, որովհետև բնակչությունն այնտեղ ավելի շատ է, ինչից հասկանալի է, որ զոհերի թիվը ևս ավելին է: Կիևում ընդհանրապես չեն ուզում սերտել պատմության դասերը և չեն ուզում հասկանալ, որ մարդկանց քանակը չի որոշում պատերազմի ելքը, այլ մոտիվացիան: Մարդիկ, որոնք հիմա կռվում են Դոնեցկում և Լուգանսկում, երբեք չեն համաձայնի որևէ ստատուս քվոյի, որովհետև նրանց համար սա քաղաքացիական պատերազմ չէ,  այսինքն՝ կարող եմ ասել, որ այն մարդիկ ովքեր 90-ականներին կռվում էին Ադրբեջանի դեմ՝ նույն կերպ վարվեցին: Իսկ վերջին իրադարձությունները  ձեռնտու էին  ԱՄՆ-ին:  Չեմ ասում, որ իրենք են կազմակերպել, բայց սա նրանց պետք էր, որ շեղեին Ռուսաստանին Ուկրաինայից: Պետք չէ մթության մեջ սև կատու փնտրել և Ռուսաստանին մեղադրել Ադրբեջանին զենքով աջակցելու մեջ:  Ռուսաստանը ոչ մի կապ չունի այս հակամարտության սրացման հետ: Փոխարենը,  Արևմուտքն այս հարցում ունի հետաքրքրություններ: Տեսեք, թե ինչպես են ամերիկացիները մխրճվում Իրաք և աջակցում քրդերին, որոնք ուզում են ոչ միայն անկախություն, այլև անկախ Քրդստան:  Այս դեպքում՝  խնդիրներ են առաջանում նաև հարևան պետությունների հետ, որովհետև քրդերը միայն Իրաքում չեն ապրում: Իրավաբանորեն անկախ Քրդստանի առկայությունը ոչ միայն Իրանի համար է խնդիր դառնալու, այլև հենց Թուրքիայի: Աֆղանստանում ևս կատարվում է այն , ինչ կատարվեց  և կատարվում է Սիրիայում, Ուկրաինայում: Եթե Աֆղանստանում ԱՄՆ-ը ընտրություն է կատարում, եթե նպաստում է Ուկրաինայի ընտրություններին, էլ ի՞նչ բարոյական իրավունք ունի  հայտարարելու, որ Սիրիայում ընտրությունը դեմոկրատական չէ: Նույնը կարելի է ասել ԼՂՀ-ի մասին, երբ հանդես են գալիս տարբեր հայտարարություններով, բայց Ամերիկան հարցի լուծման համար ոչինչ առաջարկել չի կարող»:

Վլադիմիր Եվսեևի կարծիքով՝  Ռուսատանը պետք է ավելի ակտիվ լինի Ղարաբաղում. «Համագործակցությունը կարող է տարբեր ձևերով արտահայտվել: Ռուսական քաղաքական ուժերն այս հարցում ևս պետք է ավելի ակտիվ լինեն: Հաշվի առնելով, որ նկատվում է տնտեսական աճ, ապա դա կարելի է տեսնել տարբեր հարթություններում, օրինակ, խոսել հիդրոէներգետիկայի հարցում ունեցած հաջողությունների մասին: Ղարաբաղի Հանրապետությունը օտար չէ Ռուսաստանին, ցավոք Ռուսաստանը երբեմն տարվում է այլ նախագծերով, բայց ես կարծում եմ, որ եթե մեկը կասկածում է, որ Ռուսաստանը կարող է պաշտպանել իր գործընկերներին նույնիսկ այն ժամանակ, երբ նա ընկղմված է ուկրաինական ճգնաժամի մեջ, ապա նրանք չեն կարողանում ադեկվատ ձևով գնահատել իրավիճակը:

Սոչիում կայացած հանդիպումը կարողացավ կոտրել լարվածությունը և մոտակա ժամանակահատվածում սահմանում լուրջ սադրանքներ չեն լինի: Բայց քանի դեռ դիպուկահարները չեն հեռացվում, նշանակում է լինելու են սպանվածներ երկու կողմերից էլ: Բայց ոչ միայն դիպուկահարների հարցը պետք է դնել, այլ նաև հարվածային համակարգերի, որոնց լուծման դեքում միայն իրավիճակը ստաբիլ կլինի: Պետք է ռեալ առաջարկներ արվեն կոնֆլիկտի լուծման համար, այլ ոչ թե Մադրիդյան սկզբունքներ, որոնք երբեք խաղաղության չեն բերի»:

Անդրեյ Ալիշևն էլ ավելացրեց, որ առանց ծանր հրետանու ուժի դուրսբերման  և կործանիչ զեքների հեռացնելու,  խոսել փոխադարձ վստահության և հիմնախնդրի լուծման մասին անհնար է. «Վերջին ամիսների ընթացքում, սկսած՝  պարոն Ուորլիքի սկանդալային հայտարարությունից, նաև պարոն Հեֆերնի և մյուսների, ոչ  մի կոնկրետ բան չտեսանք, այլ միայն անձնական ցանկություններ ու կարծիքներ և տեղեկատվական ճնշումներ ԼՂՀ-ում և ՀՀ-ում: Ամերիկայի դեսպանատան հայտարարությունները ավելի շատ զգուշացումներ էին հայկական կողմին: Հայաստանում և Ղարաբաղում վիճակի սրումը ունի տարբեր մոտիվացիաներ: Ինչ –որ մեկը գուցե  ցանկանում էր հետախուզություն անցկացնել  ու տեսնել , թե ինչ կստացվի, իսկ հաջողության դեպքում՝ շարունակել: Միգուցե  ինչ-որ մեկը  ուզում էր պրոպագանդիստական արդյունքի հասնել, Քարվաճառի սադրիչ դեպքը ձեզ օրինակ, և այսպես շարունակ: Իսկ որոշ ուժերի կողմից սա կարող է շարունակությունն էր Հայաստանի վրա պարբերաբար գործադրվող ճնշման և ուղղություն էր հայկական իշխանություններին, որ անհրաժեշտ է ինչ-որ հավաքագրում, այդ թվում՝ արտաքին քաղաքական: Ամեն դեպքում  դա չաշխատեց և չէր կարող աշխատել, որովհետև ակնհայտ էր, որ հայկական կողմը շատ պատրաստված էր, ինչի մասին վկայում են ադրբեջանական բանակի կարուստները: Որոշ մարդիկ Ռուսաստանին են ուզում մեղադրել կատարվածի  համար, բայց դրանից մեծ աբսուրդ դժվար է պատկերացնել: Ռուսաստանը միակ խաղացողը չէ Հարավային Կովկասում և միանձնյա որոշումներ չի կայացնում: Բայց Ռուսաստանը հետաքրքրված է, որ հայ-ադրբեջանական շփման գծում արյուն չթափվի, որովհետև Կովկասում  ցանկացած սրացում Ռուսաստանի վրա է բարդվում: Ռուսաստանը պետք է ավելի ինքնուրույն քայլեր անի Ղարաբաղի հարցի կարգավորման գործում»:

Վլադիմիր Եվսեևը՝ խոսելով վերջին օրերի դեպքերի մասին, ասաց, որ շատ բարձր է գնահատում Հայաստանի և Ղարաբաղի զինված ուժերին. «Լավ աշխատեցին  և՛ հայկական հետախուզությունը, և՛ կապի զորքերը, և՛ սահմանին կանգնած զինվորները, ովքեր պատրաստված էին և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես: Բարձր եմ գնահատում նաև կամավորների մեկնումը առաջին գիծ, ինչը վկայեց այն մասին, որ ողջ հանրապետությունը պատրաստ է մեռնելու, բայց երբեք չնահանջելու ու չզիջելու իր տարածքները:  Բաքվում պետք է հասկական, որ հայերը չեն պատրաստվում հանձնել իրենց հողերը»:

Ռազմիկ Մարտիրոսյան

Տեսանյութեր

Լրահոս