Ուկրաինան ցանկանում է ստանալ արտասահմանում խորհրդային գույքի 1/6 մասը
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան հավակնում է Ռուսաստանին բաժին ընկած նախկին ԽՍՀՄ-ի գույքի 1/6 մասին: Խոսքը գնում է աշխարհի 36 երկրում անշարժ գույքի ու հողատարածքների, ինչպես նաև 42 տոննա ոսկու, 20 միլիարդ դոլարի ակտիվների և շատ այլ բաների մասին:
Ուկրաինայի կառավարությունը ստեղծել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու համար նախկին ԽՍՀՄ-ի գույքի ու դրամական միջոցների բաժանման հարցը:
Վերջին տվյալներով՝ պաշտոնական Կիևը ցանկանում է ստանալ արտասահմանում խորհրդային գույքի 1/6 մասը և մասնավորապես 20 միլիարդ դոլար և 8 միլիարդ ռուբլի արժողությամբ ակտիվներ, 20 միլիոն դոլար արժողությամբ գույք և 42 տոննա ոսկի:
Նախկին ԽՍՀՄ-ի գույքի բաժանման թեման առաջին անգամ այժմեական է դարձել 1991 թվականին՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: 1983 թվականի Վիեննայի կոնվենցիայի համաձայն, հանրապետությունների մասնաբաժինը հստակեցվել է հետևյալ կերպ. Ռուսաստանը ստացել է 61.34 տոկոսը, Ուկրաինան՝ 16.37 տոկոսը, Բելառուսը՝ 4.13 տոկոսը, Ղազախստանը՝ 3.86 տոկոսը, ԵՏՄ-ին անդամակցել ձգտող Հայաստանն ու Ղրղզստանը՝ 1 տոկոսից էլ պակաս: Ամենափոքր մասը բաժին է ընկել Էստոնիային՝ 0.62 տոկոս:
Սակայն Ռուսաստանը չի ստորագրել Վիեննայի կոնվենցիան: Ռուսաստանը ցանկացել է իր վրա վերցնել ԽՍՀՄ-ի արտաքին պարտքի վճարումը, և փոխարենը ստանալ նրա բոլոր ակտիվները: Սակայն դրան չի համաձայնվել առաջին հերթին Ուկրաինան, ով չի ցանկացել, որ Ռուսաստանի Դաշնությունը ճանաչվի նախկին ԽՍՀՄ-ի միակ իրավահաջորդ պետություն: