Բաժիններ՝

Կարեն Պետրոսյանի դիակի վերադարձման կամ դիակների փոխանակման համար իրավական հիմքերն են բացակայում. ԳԱԼԱ

Ի՞նչ իրավական ընթացքում է Ադրբեջանում գերի ընկած եւ սպանված Կարեն Պետրոսյանի մահվան գործընթացը: Միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից մինչ օրս որեւէ գնահատական չի հնչել: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` այս կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Եվրադատարանում հայկական պատվիրակության ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը գնահատական տալ չցանկացավ, սակայն որպես Եվրադատարանի ներկայացուցիչ՝ ներկայացրեց գործի իրավական ընթացքը, մասնավորապես նշեց.

«Այդ դեպքը շատ մտահոգիչ է, եւ մենք ակտիվ աշխատում ենք, հենց տեղեկությունը ստացվեց, մենք ակտիվ միջոցներ ձեռնարկեցինք, փորձեցինք հասկանալ, թե ինչ կարող ենք այս առումով անել, լուծումներ գտնել:

Եվրոպական դատարանում երկու մեխանիզմ կա նմանատիպ դեպքերում. կամ միջպետական գանգատի ներկայացում, կամ անհատական գանգատի ներկայացում: Միջպետական գանգատի հարցն էլ է քննարկվում, բայց այստեղ քաղաքական առումով եւ իրավական հիմքերի առումով էլ անհատական գանգատի կողմն է հանգամանքների ծանրակշռվածությունը, այս առումով ինքներս էլ փորձում ենք հասկանալ իրավական հիմքերը, մենք բոլոր ապացուցողական նշանակություն ունեցող նյութերը ուսումնասիրում ենք: Մենք նաեւ աշխատում ենք միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ եւ փորձում հնարավորինս միջոցներ ձեռնարկել»:

Նրա համոզմամբ վճիռը հայկական կողմի օգտին կլինի, եթե այն ներկայացվի որպես անհատական գանգատ, կան բազմաթիվ հիմքեր, որոնք ապացուցում են, որ Կարեն Պետրոսյանը դիվերսանտ չէ, ներկայացնում է. «Կյանքի իրավունքի հետ կապված հարցը կարող է բարձրացվել, խոշտանգումների, խտրականության հարցերը: Սրանք Եվրոպական կոնվենցիայի 2-րդ, 3-րդ եւ 14-րդ հոդվածներն են, հիմա մենք մանրամասն դրանք ենք ուսումնասիրում, չէ՞ որ սկզբում տեսանք, թե ինչպիսի վերաբերմունք էր այդ անձի նկատմամբ եւ ներկայացվում էր որպես նաեւ դիվերսանտ, հետագայում այլ ապացուցողական նշանակություն ունեցող տվյալներ հրապարակվեցին, ունենք նաեւ որոշակի տվյալներ, դրանք կարողացանք գտնել, պահպանել, սկզբում հրապարակվում էր, թե քաղաքացիական անձ է, հետո տվյալները վերացվեցին, դրանք մենք պահում ենք, ուսումնասիրում ենք եւ եթե իրավական հիմքերը իսկապես այնպիսին լինեն եւ դիմելու հարցը լուծվի, մենք պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ ձեռնարկել»:

Արման Թոթոյանը չցանկացավ արձագանքել այն դժգոհություններին, որ միջազգային կառույցները չեն արձագանքում, բայց նշում է, որ եթե ԵԽԽՎ հայկական պատվիրակության ներկայացուցիչը ցանկանում է դիմել միջազգային իրավական կառույցներին, դա Եվրադատարանում սկսվելիք գործընթացին ոչ թե կխանգարի, այլ կօգնի միայն:

«Ցանկացած ճանապարհով եթե կան իրավական հնարավորություններ հարցը բարձրացնելու, իհարկե պետք է բարձրացվի, եւ պետք է գնալ փոխլրացման սկզբունքով, եւ բոլորիս նպատակը մեկն է, եթե կա նման նախաձեռնություն, ուրեմն հիմքերը կան, եւ այս առումով կարեւոր է համատեղ աշխատանքը իրավական եւ բոլոր ուղղություններով, այդ առումով դրական է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս