Ինչպես են ազդել սահմանին տեղի ունեցող դեպքերը՝ Թուրքիա մեկնող հայ զբոսաշրջիկների վրա
Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող դեպքերը իրենց ակտիվությամբ աննախադեպ էին 1994 թվականից ի վեր՝ թե ինտենսիվությամբ, թե զոհերի և վիրավորների թվով։
Գաղտնիք չէ, որ մեր հայրենակիցներից շատերը նախընտրում են իրենց ամառային հանգիստն անցկացնել Թուրքիայում, մասնավորապես, Անթալիայում։ Խոսակցություններ կան, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող դեպքերը կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստանից Թուրքիա մեկնող հայերի թվաքանակի վրա։
Թեպետ Թուրքիան անմիջականորեն ներգրավված չէ ռազմական գործողություններում, այնուամենայնիվ, հաշվի առնելով հայ-թուրքական և թուրք-ադրբեջանական հարաբերությունների բնույթը՝ շատ հայեր նախընտրում են զերծ մնալ թուրքական հանգստից՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Մենք փորձեցինք Հայաստանում գործող մի քանի տուրիստական ընկերություններից ճշտել, թե արդյոք Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թվի փոփոխություն կա՞:
«Գոլդ Թրևլ»-ի աշխատակցի խոսքերով, ներկայումս զբոսաշրջիկների մոտ որոշակի վախ կա, բայց թվի մեջ որևէ փոփոխություն չկա:
«Ռիմմա Թրեվլ», «Սակվոյաժ թրեվլ» և «Էդնա տուռ» զբոսաշրջային գործակալություններից մեզ ասացին, որ որևէ փոփոխություն կամ խնդիր չի եղել:
Այս ամենից կարելի է հետևություն անել, որ անկախ սահմանում տիրող իրավիճակից, հայ զբոսաշրջիկները շարունակում են մեկնել Թուրքիա:
Հիշեցնենք, որ պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ 2014թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել 495 967 զբոսաշրջիկներ կամ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 17.3%:
2014թ. հունվար- հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 474 989 մարդ կամ 2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 14.8%:
Քնարիկ Ջալաթյան