Արտագնա աշխատանքի մեկնած գյուղացիների ջանքերով կվերակառուցվի Կոթա Սուրբ Աստվածածին եկեղեցին
Վերջին շրջանում Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչներն ուրախանալու և քննարկելու ընդհանուր առիթ ունեն. վերականգնվում է Կոթա Սուրբ Աստվածածին կիսավեր եկեղեցին: Վերջինս հիմնադրման օրվանից եղել է ոչ միայն ներքին գետաշենցիների, այլև ողջ հայ ժողովրդի սիրելի ուխտավայրը: Հայերը դարեր շարունակ հպարտացել են թշնամու բազմաթիվ հարձակումներին դիմակայած և իրենց համար ապաստան հանդիսացած անառիկ այդ տաճարով: Սակայն Գառնիի պատմական երկրաշարժի ժամանակ փլվել է գմբեթը և պատերի վերին հատվածները: Դրանից հետո մինչ օրս եկեղեցին մնացել էր այդպես կիսավեր և մատնված էր անուշադրության:
Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը: Հենց այդ Հայկազուն իշխաններն էլ կառուցել են Կոթավանքը՝ որպես տոհմական դամբարան: Մասնավորապես՝ Գեղարքունիքի տեր, Վասակ Գաբուռ իշխանի և Մարիամ Բագրատունու որդի Գրիգոր Սուփան Երկրորդն է 851-901 թվականներին կառուցել եկեղեցին:
Պատմում են, որ Արտաքուստ ուղղանկյունաձև, ներքուստ եռակոնք, Արևմուտքից ուղղանկյուն խաչաթևով, չորս անկյուններում խորանավոր երկհարկ ավանդատներով գմբեթավոր այդ կառույցը հանդիսացել է ոչ միայն որպես հոգևոր տուն, այլև ժամանակին կանանց և երեխաներին թշնամու հարձակումներից պաշտպանելու համար նրանց թաքցրել են եկեղեցու ներսում՝ պատերի մեջ կառուցված 40-50 սմ-անոց թաքստոցներում:
Կոթավանքը բարձր արժեք ունի ոչ միայն պատմական, այլև ճարտարապետական ու շինարարական արվեստի տեսանկյունից: Եկեղեցու հատակագիծը Սյունիքի ճարտարապետական դպրոցի նվաճումներից է: Կոթավանքի հարակից տարածքում կա 121 խաչքար, որոնցից ամենահինը պատկանում է 9-րդ դարի սկզբին:
Ավերված եկեղեցին նույնիսկ այդ կերպ չի կորցրել իր հետաքրքրությունը ուխտավորների շրջանում. նշանավոր օրերին Կոթավանք է այցելում 14-15 հազար մարդ, և հենց դրա շնորհիվ էր, որ այս տարվա սկզբին Ներքին Գետաշենի գյուղապետարանի, բնակիչների, այս պահին արտագնա աշխատանքի մեկնած գյուղացիների ու բարերարների ջանքերով սկսվեցին եկեղեցու վերակառուցման աշխատանքները: Աշխատանքներն իրականացնում են «Հրակարսին» և «Ալմասկա» ՍՊԸ-ների շինարար-վարպետները:
Աշխատակազմի ղեկավար Հուսիկ Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ շինաշխատանքները կատարելու ընթացքում նոր բացահայտումներ են արվել. «Երբ արդեն փորում էինք զրոյական կետը գտնելու համար, վանքի հյուսիսարևմտյան հատվածում հայտնաբերեցինք մի շարք կոթողներ՝ խաչքարեր, կաթողիկոսների ու տերտերների գերեզմաններ: Դրանք իհարկե թողել ենք իրենց տեղերում, քանի որ իրավունք էլ չունենք տեղաշարժելու, բայց մի փոքր ուղղելու խնդիր կա»:
Հուսիկ Հայրապետյանն ասաց, որ փոփոխություններն ու ձևախեղումները բացառված են, քանի որ շատ լավ պահպանվել են հիմքերը, շեղումներ չկան, կատարվել են մեծ անցքերի լցոնումներ բետոնե շաղախով, կրաջրով.
«Հիմա դարձել է ավելի հզոր և ամուր: Իսկ նույնությամբ կառուցելու, ձևախեղումներ թույլ չտալու համար կան նկարներ, կազմված են աշխատանքային գծագրեր: Գծագրերը կազմվել են Երևանի Ճարտարագիտական համալսարանի կողմից, և մենք միայն այդ գծագրերով ենք առաջնորդվում, քանի որ ամեն մի քար իր նշանակությունն ունի: Ցանկանում ենք այնպես վերակառուցել, ինչպես 9-րդ դարում էր, հավաստիացնում եմ, որ ավել-պակաս ոչինչ չի արվի: Ընդհանուր առմամբ աշխատանքներն իրականացնում են 10 ճարտարապետ-շինարարներ, որոնք քանդակագործներ են, լավ պատշարներ, իսկ նրանցից երկուսն էլ Գորիս քաղաքից են»:
Հ. Հայրապետյանի խոսքով՝ վանքի առջևում եղած 14 խաչքարեր, որոնք պատմական մեծ նշանակություն ունեն, բարեկարգման ժամանակ տեղադրվելու են նախագծով հաստատված համապատասխան տեղերում:
Շինաշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև ձմեռ, մինչև ձյան գալը: Նախատեսվում է, որ ներսում ջահ ու զանգ պետք է լինի, դրսում ջուր պետք է լինի: Կատարված աշխատանքների արդյունքում այժմ գրեթե ավարտվել է գմբեթի կառուցումը, դրանից հետո կկառուցվի տանիքը, իսկ այնուհետև կիրականացվեն ներքևի հատվածում նախատեսված աշխատանքները:
Հուսիկ Հայրապետյանը հույս հայտնեց, որ վերակառուցումից, բարեկարգումից հետո այցելուների թիվը կբազմապատկվի և կդառնա ոչ միայն հայերի, այլև օտարերկրյա զբոսաշրջկների սիրելի վայրը, թեև այժմ էլ քիչ չեն Կոթավանք եկող օտարերկրացիներն ու սփյուռքահայերը: