Խախտումներ՝ մի շարք հայտնի ընկերությունների մոտ
Տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակովhուլիսի վերջին տասնօրյակի՝ ՀՀ ՖՆ հարկային տեսչությունների առջև դրված հիմնական խնդիրներից մեկը ստվերի կրճատման և փաստաթղթաշրջանառության բարելավման առումով արդյունավետ ցանկերի լրամշակումն ու ընդլայնումն էր: Հարկային տեսչությունների տեղեկատվական շտեմարաններում 2013 և 2014 թվականների 1-ին կիսամյակի ցուցանիշների վերլուծությունների արդյունքում մինչև հուլիսի 1-ը ձևավորված ցանկերն ընդլայնվել են: Ցանկերում լրացուցիչ ընդգրկվել են այն հարկ վճարողները, որոնց մոտ առկա են շրջանառությունների և գների էական թերհայտարարագրումներ, շեղումներ, առաքումների դինամիկայի և դրա դրական շարժի բացակայություն կամ իրական շարժի մասին իրականության հետ չհամապատասխանող տեղեկություններ: Ցանկերի ընդլայնման ժամանակ հաշվի են առնվել նաև հարկային տեսչությունների կողմից հուլիս ամսում իրականացված հարկային հսկողության միջոցառումների արդյունքները, ինչպես նաև լրացուցիչ հարկային պարտավորություններ, ճշգրտումներ ստանձնած հարկ վճարողների դրսևորած վարքագիծը, որի հետևանքով տեղի են ունեցել նաև լրացուցիչ պարտավորությունները չկատարած մոտ 200 հարկ վճարողների ցանկից ցանկ տեղափոխություն:
Այսպիսով՝ կազմակերպված և իրականացված աշխատանքների արդյունքում ընդլայնված և լրամշակված ցանկերը օգոստոսի 1-ի դրությամբ ստացել են հետևյալ տեսքը.
- Ցուցանիշների բարելավման պահանջն ընդունած հարկ վճարողներ՝ 1542,
- Ցուցանիշների բարելավման պահանջն չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողներ՝ 1207:
Միաժամանակ, շարունակվում են ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և այլ ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Օգոստոսի առաջին տասնօրյակում հսկողական աշխատանքների շեշտադրումը հիմնականում կատարվել է խոշոր հարկ վճարողների վրա: Ավարտված հսկողական աշխատանքներից հարկ է առանձնացնել.
- 8 հարկ վճարողների կողմից չփաստաթղթավորված գործարքների և այդ առումով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու, կատարված աշխատանքների կատարողականը չձևակերպելու հիմքերով կատարվել է նախնական հաշվարկ՝ 137.1միլիոն դրամի չափով վերջիններիս կողմից պակաս հաշվարկված հարկային պարտավորությունների մասով, և նյութերն ուղարկվել են ՖՆ Իրավախախտումների հայտնաբերման և վարչարարական վարույթի իրականացման վարչություն, միաժամանակ, ներկայացվել են ՖՆ Օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչություն՝ լրացուցիչ վարչարարական միջոցառումներ իրականացնելու: Դրանք են՝ «ՆՈՐՏ»՝ 52մլն, «ՖՅՈՒՉԸ ՊԼԱՏՖՈՐՄ»՝ 26.6մլն, «ՎԻԴԻՍ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ»` 22.7մլն, «ԱՌԴԵԼԻԿԱՏԵՍ»՝ 11.7մլն, «ԷԼԻՏ ՇԱՆԹ»՝ 14.2մլն, «ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ»՝ 2.7մլն, «Հ ԵՎ Տ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ»՝ 3.2 մլն և «ԹԱԼԳՐԻԳ»՝ 4մլն:
- Աշխատողի աշխատանքի ընդունումը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 2 ստուգումների արդյունքում հայտնաբերվել են 52 չգրանցված աշխատողներ և արձանագրվել է 28.8մլն դրամի հարկային պարտավորություններ, ընդ որում՝ «ՄԱՏԷՔՍԻՄ» ՍՊԸ-ում` 28.2մլն դրամ (47 անձ), «ԷՍ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ում՝ 0,6մլն դրամ (5 անձ):
- Այս տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 8 ստուգումների արդյունքում արձանագրվել է 71.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Դրանցից առանձնացման ենթակա են՝ «ՑԵՊԵԼԻՆ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ՝ 40.8մլն դրամ, «ԱՆԴԱԿՈ» ՍՊԸ՝ 6,2մլն դրամ, «ԺՈԶԵՖ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊԸ՝ 5,7մլն դրամ, «ԴԱՐՈՅԻՆՔ» ՍՊԸ՝ 5,5մլն դրամ:
Ընթացքի մեջ գտնվող բյուջեի ստուգումներից հարկ է առանձնացնել «ԿՈՐՍԱՆ-ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ»-ում իրականացվողը: Ընկերությունը չէր ներկարացրել ընթացիկ տարվա ապրիլի ԱԱՀ հաշվարկը: Գրություն է ուղարկվել լիցենզավորվող համապատասխան մարմին լիցենզիայի կասեցման համար, որի արդյունքում ընկերությունը ներկայացրել է ապրիլ ամսվա ԱԱՀ-ի հաշվարկը, որով առաջադրվել է 675մլն դրամ բյուջե վճարման ենթակա լրացուցիչ ԱԱՀ-ի գումար:
- Իրականացված կամերալ ուսումնասիրությունների արդյունքում «ԱՐՏ ԽԱՉ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ի մոտ իրականացվել է վնասի պակասեցում՝ 28.6մլն դրամի չափով և առաջադրվել է 3.2մլն դրամի լրացուցիչ հարկ, իսկ «ԱՆԱՀԻՏ ԻՍՈՒՆՑ» Ա/Ձ-ն փոխել է հարկման ռեժիմը և ներկայացրել է ԱԱՀ-ի հաշվարկներ 2013 թվականի համար, սակայն խուսափում է ներկայացնել 2011-2012թթ. հաշվարկները, որոնց մասով կազմվել են նյութեր, կատարվել է 16.5մլն դրամի նախնական հաշվարկ. նյութերն ուղարկվել են ՖՆ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:
- Վերոնշյալից բացի՝ շրջանառությունների և գների ճշգրտման նպատակով 14 հարկ վճարողների մոտ իրականացվել են հսկիչ գնումներ, 24-ի մոտ՝ չափագրումներ (9մլն 295 հազար դրամ), 5-ի մոտ՝ ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ (750 հազար), ինչպես նաև 4-ի մոտ՝ չգրանցված աշխատողի ստուգումներ (180 հազար դրամ):
- Ընդհանուր առմամբ, օգոստոսի առաջին տասնօրյակում իրականացվել են 68 հսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում առաջադրվել են բյուջե լրացուցիչ վճարման 942մլն դրամ գումար:
- Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 45 ներմուծող և արտադրող հարկ վճարողներ մոտ հսկողական միջոցառումների արդյունքում 2014 թվականի օգոստոսի առաջին տասնօրյակի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից միջին օրական դուրս գրված հարկային հաշիվների քանակների աճը կազմել է 109% կամ 6125 հատ, որոնցում արտացոլված շրջանառության գումարի աճը կազմել է 17% կամ 94մլն դրամ:
- Հարկային հսկողության միջոցառումներին զուգահեռ իրականացվում են նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Այսպես.
ՖՆ Օպերատիվ հետախուզության վարչության կողմից օգոստոսի 1-ին տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել են 9 օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` կապված հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ, իսկ 90-ի մոտ դրանք դեռ ընթացքի մեջ են: Միաժամանակ, ՕՀ վարչության կողմից իրականացվել է նաև բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 5ստուգում ստուգում (ընթացքի մեջ են 38 ստուգումներ): Ավարտված 7 ՕՀՄ-ների և 5 ԲՍ-ների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է 112մլն դրամ լրացուցիչ վճարման գումարի (այդ թվում՝ «ԻՆԺԳԱՐԱՆՏ» ՍՊԸ-ը՝ 49մլն դրամ, «ԱՐՄԵՆ-ՀԱՄԻԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՀՁ՝ 2.8մլն դրամ և այլն):
10.Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում Ֆինանսների նախարարության կողմից էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի նկատմամբ իրականացվող դիտարկումների արդյունքում պարզվել է, որ ս/թ հուլիսի 21-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում օբյեկտիվ կամ սույբեկտիվ պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ են ճանաչվել 5073 էլեկտրոնային հարկային հաշիվներ` 2.8մլրդ դրամ ընդհանուր արժեքով: