«Հայերը յուրահատուկ են ու յուրահատկության կենտրոնն էլ Արցախն է». Ագոստինո Լիպպի
«Իտալիայում կարիք չունենք պայքարել ազատությաւն եւ անկախության հասնելու համար: Արցախում հասկացա, որ իրական կյանքը հենց դա է` պայքարել անկախության համար»,-Karabakh-open.info-ի հետ զրույցում նշել է Ագոստինո Լիպպին՝ իտալացի քանդակագործ- լուսանկարիչը, ով Արցախում է Հակոբ Գյուրջյան քանադակագործության 3-րդ սիմպոզիումին մասնակցելու համար:
Շուշիում անցկացվող սիմպոզիումն այս անգամ նվիրված է զինադադարի հաստատման 20 ամյակին եւ կրում է «Խաղաղություն Արցախին» խորագիրը: Մասնակցում են քանդակագործներ ինչպես ՀՀ-ից ու Արցախից, այնպես էլ Հնդկաստանից ու Իտալիայից։
Ագոստինո Լիպպին, ով սիրում է, երբ իրեն Ագուստո են կոչում, առաջին անգամ է Արցախում, որի մասին լսել է հորից՝ Մասսիմո Լիպպից, ով անցած տարիներին մասնակցել է Շուշիում անցկացված սիմպոզիումներին: Հոր պատմածներով Արցախը հրաշալի երկիր է՝ հիանալի բնությամբ եւ մարդկանցով:
Ագոստինոն, ով շատ է ճանապարհորդում եւ եղել է աշխարհի 5 մայրցամաքներում , հիացած է Արցախով.
«Արցախում գտա այն ամենը, ինչ տեսել էի իմ կյանքի բոլոր ճանապարհորդությունների ժամանակ: Սա յուրահատուկ մի վայր է, անմիջական մարդկանցով, որտեղ ես ինձ տանն եմ զգում, այստեղ մարդիկ բոլորին իրենց ընտանիքի անդամների պես են ընդունում»:
Իր կյանքի ընթացքում նրան բախտ է վիճակվել լինել տարբեր երկրներում, ուսանել եւ ուսուցանել արվեստի տարբեր ճյուղեր: 24-ամյա արվեստագետն իր առաջին լուսանկարների գրքույկը տպագրել է 18 տարեկանում, որը կոչվում է «Տիեզերական կյանք»: Այժմ Ագուստոն համագործակցում է Սիենայի արվեստի քննադատների հետ:
«Հայերը չեն կարող համեմատվել իտալացիների կամ այլ ազգերի հետ, դուք յուրահատուկ եք եւ այդ յուրահատկության կենտրոնը հենց Արցախն է, ամեն հրաշք կա այս փոքրիկ երկրում: Այստեղ ես ինձ ոգեշնչված եմ զգում եւ հույս ունեմ, երբ վերադառնամ Սիենա, կշարունակեմ աշխատել նույն ոգով, ինչ այստեղ: Սա առաջին եւ ամենակարեւոր փորձն է, որ ձեռք եմ բերում իմ երկրից դուրս։ Ուզում եմ վերադառնալ Արցախ, քանի որ ես ինձ այստեղ իմ տանն եմ զգում»,- նշում է նա:
Անկախության համար պայքարող Արցախում միջազգային սիմպոզիումից Ագուստոն թողնելու է իր քանդակած խաղաղություն խորհրդանշող ստեղծագործությունը. քանի որ լսել է արցախյան պատերազմի մասին, ուստի որոշել է իր քանդակում ընդգծել այդ պայքարի ուժը:
Այս կարճ ժամանակահատվածում իտալացի արվեստագետը հասցրել է սովորել հայերեն մի քանի բառեր՝ բարի օր, շատ լավ է, եւ հյուրասիրության մասին փաստող կենաց բառը:
Մարիամ Սարգսյան