Էդգար Վարդանյան. «ՌԴ-ն փորձելու է ապացուցել Ֆրանսիային, ԵՄ-ին, ԱՄՆ-ին, որ՝ եթե ես չցանկանամ՝ կոնֆլիկտը չի լուծվելու»

«Շատ բան կախված կլինի օգոստոսի 8-9-ին Սոչիում տեղի ունենալիք հանդիպումից: Եթե այնտեղ անորոշ ինչ-որ արդյունք ստանան բանակցությունները, և հայտարարվի, որ կան շատ խնդիրներ, որոնց շուրջ համաձայնության չեն եկել, կամ ընդհանրապես որևէ բանի շուրջ համաձայնության չեն եկել, դա, իհարկե, բացասական արդյունք կլինի: Այսինքն՝ այդ զինադադարի հաճախակի խախտումները բանակցությունների նման ելքի պարագայում, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-9-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում հանդիպելու են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ քննարկվելու են նաև ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցեր։

Պատերազմական գործողությունների վերսկսումը Էդգար Վարդանյանի կարծիքով՝ շահաբեր չէ միջազգային հանրության համար.

«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների օգոստոսի 8-ին կամ 9-ին կայանալիք հանդիպումը Սոչիում հիմք է տալիս ենթադրելու, որ դժվար թե լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսվեն: Սա կողմերին ձեռնտու չէ, որովհետև ապակայունացման է բերելու. մեծ տնտեսական, քաղաքական պլանի կորուստները ձեռնտու չեն նաև միջազգային հանրությանը, որն այս տարածաշրջանում ունի լուրջ շահեր: Ապակայունացման նոր օջախը, նոր ռեգիոնը չի մտնում նրանց ծրագրերի մեջ»:

Կարդացեք նաև

Էդգար Վարդանյանը որպես այլընտրանքային ուղի է նշում այն, որ միջազգային հանրության կողմից ինչ-որ գործնական առաքելություն մշակվի և իրականացվի, որը թույլ չի տա կամ «կմինիմալիզացնի զինադադարի խախտման դեպքերը». «Այստեղ ամենահիմնական հարցը, թե ինչի՞ շուրջ կարող են կողմերը գալ համաձայնության, մնում է բաց: Եթե դրական հայտարարություններ լինեն, որ ինչ-որ հարցերի շուրջ կա կոմպրոմիս, իհարկե, կարող ենք ենթադրել, որ զինադադարի հաճախակի խախտումներ չեն լինի: Սակայն կողմերը շարունակում են ունենալ հակադիր պատկերացումներ կոնֆլիկտի լուծման տարբերակների վերաբերյալ, և այդ պարագայում դեռևս շատ դժվար է պատկերացնել, որ կողմերի՝ այսպիսի դիրքորոշումներ ունենալու պարագայում հնարավոր կլինի գալ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը կամ ընդհանուր հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության»:

Ռուսական որոշ լրատվամիջոցներ իրենց հրապարակումներում շեշտում են այն, որ կոնֆլիկտը թեժացել է ադրբեջանական բանակի զինծառայողների մահերի հետևանքով, կամ՝ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ հայ զինծառայողների կրակոցներից մահացել է 9 ադրբեջանցի զինվոր, իսկ հայկական աղբյուրները պնդում են, որ մահացել է 14 մարդ»… Այն հարցին, թե ինչո՞ւ են ռուսական ԶԼՄ-ներն Ադրբեջանին որպես զոհ ներկայացնում, Էդգար Վարդանյանը պատասխանեց, որ նմանատիպ նյութերը հրապարակվում են Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու համար. «Նրանք դա անում են, որպեսզի Հայաստանի՝ Կրեմլից կախման մեջ լինելու մակարդակն ավելի մեծացնեն: Այսինքն՝ հասկացնել է տալիս Հայաստանին, որ եթե Հայաստանն ամբողջապես կախման մեջ չլինի Կրեմլից և փորձի ինչ-որ ինքնուրույն քաղաքականություն վարել, ուրեմն Կրեմլը Հայաստանի շահերին դեմ գնացող գործողություններ կիրականացնի»:

«Չի բացառվում, որ այս էսկալացիան հիմնականում պայմանավորված է վերջին աշխարհաքաղաքական զարգացումներով, երբ միջազգային իրավունքի նորմեր են խախտվում, երբ, ըստ էության, շատ հաճախ տեսնում ենք, որ Կրեմլն աջակցում է արհեստական և ոչ իրավական գործընթացներին տարածաշրջանում՝ Ուկրաինայի հետ կապված: Եթե առաջ քաշենք այն թեզը, որ էսկալացիան դրսից է պարտադրված, այդ դեպքում նպատակը հետևյալն է՝ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ստատուս-քվոն անընդունելի դառնա բոլորի համար, և այդ պարագայում էսկալացիային նպաստողը ամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում և հնարավորինս ինքնուրույն զբաղվի կողմերի կոնֆլիկտի մենեջմենթով: Ինքը դառնա հիմնական դերակատարը այս կոնֆլիկտում և վերահսկողությունը կոնֆլիկտի նկատմամբ վերցնի իր ձեռքը»,- նկատեց փորձագետը:

Ըստ Է. Վարդանյանի՝ այս դեպքերը, որի արդյունքում մարդիկ են զոհվում, երկու երկրների հասարակություններին կարող են ստիպել մտածել, որ այսպես չի կարելի շարունակել, և հետևաբար՝ պետք է գնալ ինչ-որ զիջումների. «Եթե չգնանք զիջումների, ուրեմն լինելու է լայնածավալ պատերազմ՝ ավելի մեծ զոհերով, ավերածություններով: Էսկալացիայի իմաստը հենց դա է՝ ազդել հասարակության հոգեբանության վրա»:
Իսկ Ռուսաստանն էլ, փորձագետի համոզմամբ՝ ցանկանում է, որ ո´չ Հայաստանը, ո´չ Ադրբեջանն ինքնուրույն քաղաքականություն չվարեն և կախված լինեն իրենից: Հենց այդ նպատակով է Ռուսաստանն Ադրբեջանին զենք վաճառում.

«Որովհետև զենք վաճառելով՝ դու գցում ես կախման մեջ, քո դիրքերն ես ամրապնդում: Նա այդ ամենն անում է, որպեսզի Արևմուտքի հետ ինքնուրույն ինչ-որ գործընթացների մեջ չմտնեն և հիմնական առևտուրը՝ ռազմական դիտանկյունից համագործակցությունը, իրականացնեն Ռուսաստանի հետ, մասնակցեն ռուսական ինտեգրացիոն գործընթացներում, Ռուսաստանի ռազմական ներկայությունն ամրապնդվի և ավելի խորանա այս տարածաշրջանում»:

Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանն իր այդ քայլերով և հակամարտող երկու երկրների նախագահներին հանդիպման հրավիրելով՝ փորձում է ներկայանալ՝ որպես խաղաղարար պետություն՝ աշխարհին ցույց տալու իր դերակատարության կարևորությունը, Է. Վարդանյանը նշեց, որ այժմ Ռուսաստանն ամենաշատը ցանկանում է լինել համար առաջինը Մինսկի համանախագահների շրջանում՝ խաղաղության պահպանման գործում. «Որպեսզի ինքը դառնա հիմնական միջնորդը, ինքը հաշտեցնի կողմերին որոշակի հարցերում: Ռուսաստանը սա է փորձելու համոզել, ցույց տալ, ապացուցել Ֆրանսիային, Եվրամիությանը, Միացյալ Նահանգներին, որ՝ եթե ես չցանկանամ՝ կոնֆլիկտը չի լուծվելու, և լինելու է ապակայունացում, եթե իմ շահերին դուք դեմ դուրս գաք: Եթե գանք համաձայնության, և ես ունենամ մեծ մասնակցություն այս կոնֆլիկտի լուծման գործում, այդ դեպքում դուք կարող եք ունենալ կայունություն, որը ձեր շահերից է նաև բխում, իսկ ես կկարողանամ հարցերը լուծել և´ Ադրբեջանի, և´ Հայաստանի հետ. սա է Ռուսաստանը փորձելու ապացուցել»:

Տեսանյութեր

Լրահոս