Անկարայում մեկնարկել է Բարձրագույն ռազմական խորհրդի նիստը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում մեկնարկել է Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստը: Այն անցկացվում է Գլխավոր շտաբի շենքում, նիստը նախագահում է վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Նիստի սկսվելուց առաջ նրա մասնակիցներն այցելել են Աթաթուրքի դամբարան և հարգանքի տուրք են մատուցել նրան: Նիստին մասնակցում են նաև Պաշտպանության նախարարը, ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի հրամանատարները, Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարը, Ռազմական ակադեմիաների հրամանատաները, բանակների հրամանատարներն ու ծովակալներ:
YAŞ-ի նիստում ընդունված որոշումները նախագահ Աբդուլլահ Գյուլին ներկայացվելու հետո հանրությանը կներկայացվեն օգոստոսի 6-ին: Նիստում քննարկվելու են տարբեր հարցեր. զինված ուժերում կարգապահության հարցը, զինված ուժերի արդիականացումը, մինչև 2023 թվականը (հանրապետության հիմնադրման 100-ամյակ) առկա նպատակները և այլն: Ավելի վաղ հաղորդվել էր, թե YAŞ-ի նիստում քննարկվելու է նաև զինված ուժերը գյուլենականներից մաքրելու հարցը: