Բաժիններ՝

Ինչու են հայերը ինտենսիվ էժան մեքենաներ ներկրում և ինչ է լինելու դրանց ճակատագիրը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ քաղաքացիները շարունակում են ինտենսիվ կերպով ավտոմեքենաներ ներմուծել: Մաքսային ծառայության կողմից հրապարակված ՀՀ ներմուծված ավտոմեքենաների վերաբերյալ արտաքին առևտրի վիճակագրությունը: Ըստ այդմ՝ 2014 թ. առաջին կիսամյակում ներկրվել է 25,092 ավտոմեքենա՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 17,834-ի փոխարեն, այսինքն՝ 40%-ով ավելի:

Ընդ որում, Ռուսաստանից ներկրված ավտոմեքենաների թիվը պակասել է. այս տարվա 6 ամիսներին ներկրվել է 437 ավտոմեքենա՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 619-ի դիմաց: Իսկ դա նշանակում է, որ մեր հայրենակիցները շտապում են ձեռք բերել Մաքսային միության անդամ չհանդիսացող երկրների արտադրության մեքենաներ՝ հաշվի առնելով Հայաստանին սպասվող ապագան:

Եվս մեկ հետաքրքիր փաստ. ներկրված ավտոմեքենաների մեջ շարունակում են գերակշռել համեմատաբար էժանները, մասնավորապես՝ 15,710 մեքենան մինչև 5000 դոլար արժողության են, 5838-ը՝ 5-10 հազար դոլար, 1442-ը՝ 10-15 հազար դոլար և նույնքան էլ 15-30 հազար դոլար, և 660-ը՝ 30 հազարից ավելի դոլար արժողության:
Եվ այսպես, ինչո՞վ է պայմանավորված մեր հայրենակիցների աճող հետաքրքրությունը արտասահմանյան հին և էժան մեքենաների նկատմամբ։

Առաջին հայացքից դա տարօրինակ է՝ հաշվի առնելով գնողունակության անկումն ու արտագաղթը։ Այսինքն՝ պահանջարկը պետք է որ մեծացած չլիներ։

Կարդացեք նաև

Նախորդ տարվա վերջին և այս տարվա առաջին եռամսայկում նույնպես ավտոմեքենաների ներկրումն ավելացել էր, ինչը բացատրվում էր այն սպասումներով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերը կարող են բարձրանալ։ Սակայն այս տարվա հունիսի 18-ին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հ1-ին տված հարցազրույցում հավաստիացրեց, որ, օրինակ, մեքենաների ներմուծման մասով այդ դրույքների կիրառումը ՀՀ-ի համար անպայման հետաձգվելու է 5-10 տարով, մինչև «կադապտացվենք»:

Ինչպես երևում է՝ մեր համաքաղաքացիներն այդքան էլ չեն հավատում այդ հավաստիացումներին։ Սակայն միակ պատճառը դա չէ։ Մեր հայրենակիցների վարքագծի վրա ազդում են ոչ միայն սպասվող թանկացումների հետ կապված մտահոգությունները, այլև՝ արագ վաստակելու ցանկությունը։

Որքան էլ պարզունակ հնչի, մեքենա ներկրողներից շատերը հույս ունեն ԵՏՄ-ին անդամակցելուց հետո առանց խոչընդոտների դրանք վաճառել Ռուսաստանում՝ առավել բարձր գնով։ Սրանք ոչ թե ենթադրություններ են, այլ իրողություն։ Կան մարդիկ, ովքեր մեր տեղեկություններով, գրավադրել են անշարժ գույքն ու այդ գումարով մեքենաներ ներկրել։
Վաստակելու ձգտումն իհարկե դատապարտելի չէ։ Այլ հարց է՝ որքանո՞վ է իրատեսական արագ հարստանալու այդ հնարավորությունը։ Ցավոք, այդքան էլ իրատեսական չէ (մեղմ ասած):

Նախ, Ռուսաստանում արտադրվում են միջին կարգի արտասահմանյան մակնիշի մեքենաներ, որոնք հաջողությամբ մրցակցում են նույն կարգի եվրոպական արտադրության մեքենաների հետ։ ՌԴ-ում ապրող մեր զրուցակիցները նշում են, որ ռուաստանցիները նախընտրում են գնել ՌԴ-ում հավաքված և առավել թարմ մեքենաները, և նրանք դժվար թե հետաքրքրվեն 10-15 տարվա մեքենաներով։

Երկրորդ, եթե անգամ նման պահանջարկ լիներ, ապա միամտություն կլիներ կարծել, թե Ռուսաստանն իր ավտոշուկան կբացեր ավտոմեքենաների վաճառքով զբաղվող մեր հայրենակիցների առջև։ Ի վերջո, եթե մեզ տրամադրվում է որոշակի ժամանակահատված՝ մաքսատուրքերին ադապտացվելու համար, ոչ ոք մեզ թույլ չի տա այդ արտոնությունն օգտագործել՝ սեփական շահերի համար։

Եվ երրորդ, Ռուսաստանյան ավտոշուկայի վիճակն այս պահին բավականին տխուր է։
Դեռ այս տարվա հուլիսի 10-ին գրել էինք, որ Ռուսաստանյան ավտոշուկան տխուր ռեկորդ է սահմանել վաճառքների անկման առումով։ 2014թ. հունիսին կորուստը կազմել է 17.3%։ Ընդ որում, շատերը վստահ են, որ վատագույն ժամանակները դեռ առջևում են։ «Ավտոմոբիլային շուկան շարունակում է անկումը մեծ արագությամբ։ 2013 թվականի համեմատ՝ վաճառքի ծավալները հունիսին կրճատվել են 17.3%-ով։ Արդյունքում՝ 2-րդ եռամսյակում անկման ցուցանիշը կազմել է 12.4%։ Ավտոարտադրողների կոմիտեի մասնակից ընկերությունների կարծիքով՝ ռուկայի թուլացումը դեռ չի ավարտվել։ Տարվա երկրորդ եռամսյակում վաճառքի ցուցանիշը կլինի մոտ 1.2 միլիոն միավոր, որը համարժեք է 16%-անոց անկման», – ասել էր Եվրոպական բիզնես ասոցիացիայի Ավտոարտադրողների կոմիտեի նախագահ Յորգ Շրայբերգը։

Կարճ ասած, որքան էլ ցավալի լինի, ավտոմեքենա ներկրողներին առաջիկայում լուրջ գլխացավանք է սպասում։ Ի դեպ, շատերն արդեն իսկ սկսել են անհանգստանալ՝ նկատի ունենալով ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության ձգձգումը։ Այնպես որ, խոչընդոտի հանդիպելով՝ նրանք ստիպված կլինեն մեքենաներն իրացնել Հայաստանում, ինչը կարող է բերել երկրորդային շուկայում ավտոմեքաների գների որոշակի նվազման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս