Հ. Իգիթյան. ԱՄՆ-ն ՀՀ-ին ճանապարհ է ցույց տալիս՝ խուսափելու խիստ պատժամիջոցներից

«ԱՄՆ-ն՝ ի դեմս դեսպանության հայտարարության, ՀՀ-ին ցույց է տալիս ճանապարհ՝ խուսափելու այս բավականին խիստ պատժամիջոցներից, որովհետև, ի վերջո, այդ պատժամիջոցներն ունեն հստակ հասցեատեր՝ Ռուսաստանը, և հստակ պատճառ՝ ՌԴ ագրեսիվ պահվածքն Ուկրաինայի հանդեպ, զենքի մատակարարումը և ուղղակի ձևով՝ կոնֆլիկտին մասնակցությունը: Իհարկե, ԱՄՆ-ն հասկանում է հայ-ռուսական հարաբերությունների սերտաճած լինելը և տեղյակ է, որ ռուսական ընկերությունները լայնորեն ներգրավված են ՀՀ տնտեսության մեջ և բոլոր դեպքերում, փաստորեն, փորձում է ՀՀ-ին զգուշացնելու և, համոզված եմ՝ բարի ցանկություններից ելնելով, փրկելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, Հայոց Համազգային շարժում կուսակցության վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ կոչը՝ ՀՀ կառավարությանն ու բիզնեսին պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ընկերությունների հետ համագործացությունը դադարեցնելու վերաբերյալ:

Հ. Իգիթյանի կարծիքով՝ եթե ՀՀ իշխանությունները հետևեն ԱՄՆ կոչին, ռուսական կողմից ՀՀ հանդեպ քայլեր չպետք է լինեն. «Ի վերջո, Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից երկիր և որպես դաշնակից պետք է չցանկանա, որ ՀՀ տնտեսությունը քայքայվի և քաղաքական վարկանիշը իջնի: Սա է տրամաբանությունը: Հայաստանը նաև տնտեսական քայլեր պետք է անի և, չեմ կարծում, որ ՌԴ-ն պետք է ՀՀ-ին պատժի տնտեսական քայլերի համար, որոնք միտված են սեփական տնտեսությունը փրկելու և ժողովրդի վիճակը չվտանգելու ուղղությամբ»:

Ըստ նրա՝ հայաստանյան ընկերությունները ոչ թե կարող են պատժամիջոցների տակ հայտնված ռուսական իրենց գործընկերների հետ հարաբերություները սառեցնել, այլ պետք է դա անեն, եթե դրանով փրկում են իրենց. «Կարծում եմ, խմբակային սուիցիդ ոչ մեկը չի սպասում հայաստանյան ընկերություններից, այդ թվում նաև ռուսական այն ընկերություններից, որոնք այստեղ ՀՀ իրավաբանական անձի կարգավիճակ ունեն: Անկախ ԱՄՆ հուշումներից՝ ՀՀ կառավարությունն ինքը պետք է այս մասին մտածեր»:

Սակայն, Հ. Իգիթյանի դիտարկմամբ, ԱՄՆ-ի այս հայտարարությունը դրական կողմ ևս ունի՝ ԱՄՆ-ը չի նույնացնում ՌԴ-ին և ՀՀ-ին և բոլոր դեպքերում ամբողջությամբ հասկանալով, որ ՀՀ-ն գտնվում է ՌԴ-ի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական դաշինքների մեջ, բոլոր դեպքերում ԱՄՆ-ն առանձնացնում է ՀՀ-ին այս խիստ պատժամիջոցներից և Ռուսաստանի այս պահվածքից:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ կառավարությանը և բիզնես կառույցներին տեղեկացրել է պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական ընկերությունների հետ համագործակցությունից բխող ռիսկերի մասին և կոչ է արել բոլոր երկրներին և նրանց ռեզիդենտներին հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկերը, որոնք առաջանում են (ռուսական) ընկերությունների և ֆիզիկական անձանց հետ համագործակցությունից, և դադարեցնել բոլոր գործարքները, որոնք հակասում են իրականացվող պատժամիջոցներին:

 

Տեսանյութեր

Լրահոս