ԹՈՒՄՈ-ն գնում է Արցախ
Արցախում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման աշխատանքները ներկայումս ակտիվորեն շարունակվում են: Շենքի կառուցման ֆինանսավորումը ստանձնել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը: Շինարարությունը նախատեսվում է ավարտել հաջորդ տարի:
Երևանում ԹՈՒՄՈ կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի գնահատականով՝ Արցախը իդեալական միջավայր է տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնելու համար: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Արցախը շատ սահմանափակված է ֆիզիկապես, չունի բաց սահմաններ հարևանների հետ, չունի ծով, միայն երկինքն է բաց:
«Եթե հաջողենք այս ծրագիրն այնտեղ իրականացնել, սա լավագույն լուծումը կլինի, որ Արցախի ժողովուրդը կարողանա այնտեղ մնալ, աշխատել, ապրել և հաջողություններ ունենալ: Իսկապես իդեալական կլինի, որ այդ դժվար պայմաններում կարողանան շատ հաջող ու մրցունակ տնտեսություն զարգացնել», -ասաց Մարի Լու Փափազյանը:
Ըստ նրա՝ արդի աշխարհում զարացման բանալին տեխնոլոգիաների կիրառումն է. «Մեզ՝ հայերիս համար, իդեալական լուծում է, որ Սփյուռքն ու Հայաստանը իրար կապվեն ՏՏ միջոցով: Մեզ նման ազգը, որի սփյուռքն ավելի շատ է, քան իր բնակչությունը, իդեալական հնարավորություն ունի միավորվելու: Լիարժեք կապեր դեռևս չենք ստեղծել, օգտագործելեով տեխնոլոգիաներն ու համացանցը, ինչը կօգնի, որ մեր միջև շատ ավելի հեշտ հաղորդակցություն լինի, և մարդը, որ ապրում է Սփյուռքում, կարողանա ազատ շփվել ու մինչև հայրենիք գալը կապեր հաստատել այստեղ, մշակույթը փոխանցել, լեզուն փոխանցել, օգտագործել ու պահպանել այն: Սա կարևոր զենք է, որ պետք է կիրառենք»: