Վերջին տարիներին ՀՀ-ում արձանագրվում են ներքին թրաֆիքինգի և Հայաստանը որպես տրանզիտ տարածք օգտագործելու դեպքեր
Թրաֆիքինգի դեմ պայքարը մշտապես գտնվում է ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում: Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանը թրաֆիքինգի առումով հանդիսանում է սկզբնաղբյուր երկիր, սակայն վերջին տարիներին արձանագրվում են նաև ներքին թրաֆիքինգի, ինչպես նաև Հայաստանը որպես տրանզիտ տարածք օգտագործելու դեպքեր:
Այսօր նման տեսակետ հայտնեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշեց, որ վերջին տարիների ընթացքում առավել ուշադրության են արժանանում հարկադիր աշխատանքը և աշխատանքային շահագործումը, և այս պահին աշխատանքներ են իրականացվում՝ այդ ուղղության դեպքերը բացահայտելու:
Ռ. Գրիգորյանի խոսքով՝ 2012 թվականից մինչև 2014 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում թրաֆիքինգի հատկանիշներով հարուցվել են 31 քրեական գործեր. «Այդ գործերով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 39 անձինք, որոնցից 28-ը եղել են կին, իսկ 14-ը անչափահասներ: Այդ քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 29 անձի: Նշված գործերից 12-ը վերաբերվել են ՀՀ-ի ներսում կանանց պոռնկության շահագործմանը, 5-ը վերաբերվել են աշխատանքային շահագործմանը՝ մուրացկանության մեջ ներգրավվելու միջոցով, 4 գործեր՝ Արաբական Միացյալ Էմիրություններում հայաստանցի կանանց պոռնկության շահագործմանը, 4 գործերը վերաբերվել են կանանց շահագործմանը Թուրքիայում, 3-ը վերաբերվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում աշխատանքային շահագործմանը, և 2-ը վերաբերվել են օրգաններ և հյուսվածքներ վերցնելուն»:
Նա նշեց, որ 2012 թվականին հայտնաբերել են թրաֆիքինգի 14 զոհեր, 2013 թվականին 19 զոհեր, սակայն 15 գործեր են հարուցվել 2012 թվականին, և 11 գործեր են հարուցվել 2013 թվականին:
Ըստ Ռ.Գրիգորյանի՝ բացահայտված դեպքերի քանակը պակասում են. «Ուրախությամբ կարող եմ ասել, որ հայտնաբերված զոհերի քանակն էլ է պակասում: Եթե նախկինում՝ 2005, 2006, 2007 թվականներին, ունենում էինք բազմաթիվ զոհեր, ապա ներկայումս վերլուծությունը ցույց է տալիս, որ մեկ քրեական գործով առկա են մեկ կամ երկու զոհեր: Մեր կարծիքով՝ հասարակության իրազեկվածության բարձրացման հետ կապված՝ թրաֆիքինգի դեպքերը նվազում են»:
Ռ. Գրիգորյանը նկատեց, որ ըստ վերլուծության՝ Հայաստանում հավաքագրման փուլի ժամանակ չի կիրառվում բռնություն, ինչպես այն կիրառվում է որոշ երկրներում, այլ բռնությունը սկսվում է շահագործման պահին. «Ու ներկայումս հասարակության իրազեկվածության հետևանքով հասարակության անդամները իրենք չեն համաձայնվում որոշակի աշխատանքների մեկնելու»:
Նա նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային շահագործման մեծամասնության՝ 90%-ից ավելին, հանդիսանում են տղամարդիկ. «Օտարերկրացիների շահագործումը ՀՀ-ի սահմաններում վերջին անգամ բացահայտվել է 2009 թվականին, դրանից հետո նմանատիպ բացահայտված դեպքեր չկան»:
Անի Քեշիշյան