Բաժիններ՝

Ճապոնացիները մոնոպոլիզացնո՞ւմ էին մեր «գյոզալ աղբը»

«Արևային էներգիայի համակարգերը թեև թանկ են, բայց Հայաստանի համար դրանք շատ կարևոր են, քանի որ ռեսուրսը գրեթե անսպառ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ ողջունելով այն հանգամանքը, որ Կապանի հոգեբուժարանի տաք ջուրն արդեն ապահովելու են արևային էներգիայի միջոցով:

Հիշեցնենք, որ «Հետք»-ի փոխանցմամբ՝ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ի տնօրեն Արարատ Վարդանյանը կոմունալ ծախսերի վճարման խնդրի առաջ է կանգնել: Ինժեներների խորհրդով էլ որոշել է կիրառել արևային էներգիան՝ հոգեբուժարանի ծախսերը կրճատելու համար: ՓԲԸ-ն և Կապանի «Կայուն զարգացում» հ/կ-ն ԵԱՀԿ-ի միջնորդությամբ դիմել են Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին, որն 1992-ից ֆինանսավորում է Փոքր դրամաշնորհների ծրագիրը (վերջինս իրականացվում է Միավորված ազգերի զարգացման ծրագրի՝ ՄԱԶԾ-ի կողմից): Ստանալով ֆինանսական աջակցություն՝ անցյալ տարվա դեկտեմբերից սկսվել է նախագծի իրականացումը:

Կ. Դանիելյանը նկատեց, որ Գերմանիայում (նաև այլ երկրներում) պետությունը մասնակցում է այս ոլորտի զարգացմանը՝ հարկերը քիչ գանձելով, կամ որոշ դեպքերում՝ անգամ ընդհանրապես չվերցնելով. «Շատ լավ է, որ Կապանում նման նախաձեռնություն կա, որովհետև, ճիշտ է, առաջին տարիներին դնելը, տեղադրելը թանկ է նստում, բայց հետո դու, փաստորեն, ունենում ես անվճար, անսպառ էներգիա: Շատ կարևոր է, որ եթե նույնիսկ ի վիճակի չենք անմիջապես էներգիա ստանալ, գոնե ջրի տաքացումը լինի, դա արդեն շատ մեծ օգուտ կլինի. և՛ էներգախնայողություն է ապահովում, և՛ տնտեսապես շահավետ է»:

Բնապահպանը նշեց, որ իրենք նախորդ կառավարության հետ նախաձեռնել են, հիմա էլ նոր կառավարությունը հաստատել է իրենց այն համագործակցությունը, որ, այսպես կոչված, «Հետ-Ռիո+20» համաշխարհային գործընթաց են իրականացնելու. «Այդ գործընթացի կետերից մեկը հենց այլընտրանքային էներգետիկայի օգտագործումն է, և մենք գտնում ենք, որ շեշտը փոքր հէկ-երից պետք է տեղափոխել արեգակնային էներգետիկայի վրա»:

Կարդացեք նաև

Հարցին, թե Հայաստանում էներգիայի ստացման ոլորտներից որո՞նք են զարգացած, և ինչի՞ կարող է դա հանգեցնել, Կ. Դանիելյանն այսպես պատասխանեց. «Լավ է, որ մեզ մոտ էներգիայի ստացման աղբյուրները բազմաբնույթ են. և՛ գազն ունենք, և՛ համապատասխան ջերմաէլեկտրակայանները, Ատոմակայան ունենք, և՛ հէկ-եր ունենք, քամու մի փոքր կայան ունենք ու հիմա էլ փորձում ենք այլընտրանքային էներգետիկա ստանալ»:

Կ. Դանիելյանն ափսոսում է, որ լիարժեք չիրականացվեց ճապոնացիների կողմից առաջարկված՝ Նուբարաշենի աղբավայրում էներգիա ստանալու փորձը. «50 անգամ Ճապոնիայի պատվիրակությունները եկել են: Ճապոնացիները վերցրել էին պարտավորություն, որ մի շարք երկրներին կօգնեն, որպեսզի թափոններից գազ ստացվի, գազն էլ վերափոխվի էլեկտրաէներգիայի: Պատվիրակությունները 50 անգամ եկել-գնացել էին, և չգիտեմ՝ ինչ պատճառներով թույլ չէին տալիս: Բացատրությունը մոտավորապես այսպես էր, որ ճապոնացիները մոնոպոլիզացնում են մեր գյոզալ աղբը: Ճապոնացիները եկել էին ինձ մոտ համալսարան, ես ամոթից մեռնում էի: Երբ արդեն ճապոնացիները սպառնացին, նամակի օրինակ էին բերել, որ իրենց կառավարությունը Հայաստանի իշխանություններին անվստահություն կհայտնի, հետո աղբավայրից 7 հեկտար տրամադրվեց, որպեսզի իրենք աշխատեն»:
Բնապահպանի խոսքով՝ Հայաստանում աշխատում էր ճապոնացիների 2 խումբ. «Նախ՝ գազ պետք է ստանային, հետո գազից՝ էլեկտրականություն: Այն խումբը, որը պետք է էլեկտրականություն ստանար, հետ գնաց: 30 հեկտար պետք է տրամադրեին, որպեսզի էլեկտրականություն ստացվեր, 7 հեկտարը, որքանով ես գիտեմ, չի բավարարում, որ այնքան գազ ստացվի, որ էլեկտրականություն ստացվի: Ու հիմա գազը ստանում ենք, այրում ենք դեպի օդ: Ես շատ մեծ հույս ունեմ, որ, ի վերջո, այդ նախագիծը կիրականանա, և մենք էլ թափոններից էլեկտրականություն կստանանք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս