Հանքարդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է, եկամուտները՝ նվազել
Հայաստանում հանքարդյունաբերության բնեղեն ծավալներն ավելացել են, սակայն ստացված եկամուտը պակասել է: Ըստ Մաքսային ծառայության հրապարակած տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 90,981.9տոննա պղնձի հանքաքար և խտահանք, որը մոտ 20%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, սակայն միավորի համար ստացվել է 468 դոլարով ավելի քիչ գումար: Մասնավորապես, եթե անցած տարի առաջին կիսամյակում պղնձի հանքաքարը միջազգային շուկայում վաճառվել է 1749 դոլար/տոննա գնով, ապա այս տարվա առաջին 6 ամիսներին՝ 1281 դոլար/տոննա:
Նշված ժամանակահատվածում շուրջ 42%-ով նվազել է նաև ցինկի հանքաքարի և խտահանքի արտահանումը (2014-ի առաջին 6 ամսում՝ 6,065.5 տոննա), թեև գնային առումով այս ապրանքը միջազգային շուկայում մի քիչ թանկացել է:
Մոտ 40%-ով ավելացել է նաև մոլիբդենի հանքաքարի և խտահանքի արտահանումը՝ կազմելով 420 տոննա:
2014 թ. առաջին կիսամյակում արտահանվել է 2,590.3 տոննա թանկարժեք մետաղի հանքաքար և խտահանք՝ 15 մլն 367.6 հազար դոլարով (2013 թ. առաջին կիսամյակում արտահանումը 0 է):Թանկարժեք մետաղի հանքանյութն արտահանվել է հիմնականում Չինաստան: