Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը կոչ է արել ՌԴ-ին զրկել 2018թ. ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքից
The Sunday Times թերթին տված հարցազրույցի ժամանակ Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Կլեգը կոչ է արել Ռուսաստանին զրկել 2018 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքից: Նա ընդգծել է, որ դա պետք է դառնա Ռուսաստանի դեմ ԵՄ-ի` ավելի կոշտ պատժամիջոցների մի մասը:
Կլեգն անիմաստ է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հնարավորության տալը, որպեսզի նա վայելի նման հեղինակավոր մրցաշար անցկացնելը: Կլեգն ընդգծել է, որ մալայզիական «Բոինգի» կործանման ֆոնին Պուտինի պահվածքը հասել է ճգնաժամային կետի և դուրս է գալիս պատշաճության սահմաններից:
Կլեգը վստահություն է հայտնել, որ եթե Ռուսաստանին չզրկեն ֆուտբոլային այդ մրցաշարը հյուընկալելու իրավունքից, ապա մնացյալ աշխարհը կերևա թույլ ու ոչ անկեղծ: Կլեգը հնարավոր է համարել, որ 2018 թվականին ֆուտբոլի Աշխարհի առաջնությունն անցկացվի Մեծ Բրիտանիայում, քանի որ երկիրն ունի դրա համար անհրաժեշտ բան` մարզադաշտեր, զարգացած ենթակառուցվածքներ, ինչպես նաև խանդավառություն:
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացվելու է 2018 թվականի հունիսի 8-ից մինչև հուլիսի 8-ը: Մրցաշարի հանդիպումները կանցկացվեն Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: