
Ուկրաինայում կարող են սահմանել աշխատավարձի 1.5 տոկոսի չափով «ռազմական» հարկ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը չի բացառում, որ կարող է վարձու աշխատողի աշխատավարձի 1.5 տոկոսի չափով սահմանել ռազմական հարկ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների փոխնախարար Վլադիմիր Մատվիյչուկը:
Նա ընդգծել է, որ նախարարությունն ունի ռեսուրսներ՝ պաշտպանական հավելյալ ծախսերը ֆինանսավորելու համար, և որ հավելյալ աղբյուրների թվում դիտարկվում են իշխանական մարմինների պահպանման ծախսերի կրճատումը և հատուկ «ռազմական» հարկի սահմանումը:
Մատվիյչուկի խոսքերով՝ 1.5 տոկոսանոց «ռազմական» հարկը կարող է սահմանվել մինչև ընթացիկ տարեվերջ: Նա հավելել է, որ դա հնարավորություն կտա կուտակել 2.9 միլիարդ գրիվնա, ինչը և կդառնա պաշտպանության ֆինանսավորման ապահովման միջոցները: Այդպիսի հարկ կվճարեն բոլոր վարձու աշխատակիցները: