Վրաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է ավելի քան 30 տոկոսով

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը Վրաստանի հիմնական առևտրային գործընկերների ցուցակում զբաղեցնում է 4-րդ տեղը: Այս մասին հայտնել է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը:

2014 թվականի հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանի հետ Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 364 միլիոն դոլար՝ Վրաստանի արտաքին առևտրային շրջանառության 6.7 տոկոսը:

2013 թվականի հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատ՝ Վրաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 32.2 տոկոսով: Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է մոտ 134.1 միլիոն դոլար (ողջ արտահանման 9.4 տոկոսը), իսկ Ռուսաստանից Վրաստան ներկրումը՝ մոտ 230 միլիոն դոլար (ողջ ներկրման 5.7 տոկոսը):

Ռուսաստանը Վրաստանի հետ արտաքին առևտրի շրջանառության ցուցանիշով զիջել է Թուրքիային՝ 939.5 միլիոն դոլար (Վրաստանի արտաքին առևտրի ողջ շրջանառության 17.2 տոկոս), Ադրբեջանին՝ 584.3 միլիոն դոլար (10.7 տոկոս) ու Չինաստանին՝ 380.2 միլիոն դոլար (7 տոկոս):

Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Ուկրաինան (327 միլիոն դոլար, 6 տոկոս), Հայաստանը (270.4 միլիոն դոլար, 5 տոկոս), Գերմանիան (251.5 միլիոն դոլար, 4.6 տոկոս), ԱՄՆ-ը (260 միլիոն դոլար, 4.8 տոկոս), Բուլղարիան (195.3 միլիոն դոլար, 3.6 տոկոս), Ճապոնիան (159.4 միլիոն դոլար, 2.9 տոկոս):

2014 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանի արտաքին առևտրի շրջանառության ծավալը կազմել է 5448 միլիոն դոլար, ինչը 16 տոկոսով ավելին է՝ համեմատած 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածի հետ:

Տեսանյութեր

Լրահոս