
Ուկրաինայի կառավարությունն այս տարի ուժային գործողության վրա կծախսի ավելի քան 5 միլիարդ դոլար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարությունն այս տարվա ապրիլից երկրի արևելքում ուժային գործողություն անցկացնելու ողջ ժամանակահատվածում բանակի կարիքների վրա ռեզերվային հիմնադրամից հատկացրել է 8.8 միլիարդ գրիվնա (750 միլիոն դոլար):
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների փոխնախարար Վլադիմիր Մատվիյչուկը: Նրա խոսքերով՝ տվյալ գումարից ծախսվել է 2.3 միլիարդ գրիվնան (200 միլիոն դոլար): Մատվիյչուկը վստահություն է հայտնել, որ մնացյալ միջոցները մնում են ուժային կառույցներում և ուժային գործողությունը շարունակվելու է հաջողությամբ:
Նա հավելել է, որ Ուկրաինայի արևելքում ռազմական գործողություններ վարելու համար նախատեսված է 9.1 միլիարդ գրիվնա (780 միլիոն դոլար): Ընթացիկ տարում ուկրաինական պետբյուջեի ծախսերը ռազմական գործողություններ վարելու վրա կազմել են 18.1 միլիարդ գրիվնա (1.55 միլիարդ դոլար) կամ էլ 40 տոկոս՝ համեմատած 2013 թվականի հետ: Տարվա արդյունքներով ուժային գործողության ընդհանուր ծախսերը կազմելու են 63.4 միլիարդ գրիվնա (5.43 միլիարդ դոլար):