ՀՀԿ խմբակցությունում նոր սկանդալ է հասունանում

ՀՀԿ խմբակցությունում նոր սկանդալ է հասունանում: Ավելի ճիշտ, այդ սկանդալը հասունացել է մեկ ամիս շարունակ և իր հանգուցալուծումը կստանա առաջիկայում: Այն կապված է հունիսի 21-ին ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծի քվեարկությունը ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից բոյկոտելուն:

Հունիսի 21-ին ՀՀԿ-ական խմբակցությունը շարունակեց հունիսի 18-ից սկսված արտահերթ նստաշրջանը, չնայած շաբաթ և ոչ աշխատանքային օր լինելուն: ՀՀԿ-ականները որոշել էին քվեարկել և անցկացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: Այդ օրը քառյակը և ՕԵԿ-ը բոյկոտեցին նստաշրջանը, և ՀՀԿ-ն ստիպված էր նստաշրջանի աշխատանքները կազմակերպել միայնակ: Եվ ահա, քվեարկության ժամանակ ՀՀԿ-ականները, որոնք քվորումի խնդիր ունեին, և այս քվեարկությունն անցկացրեցին ընդամենը 66 կողմ ձայնով, տեսան, որ իրենց խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանը ևս բոյկոտում է քվեարկությունը:
Նրա բոյկոտն այն աստիճան է զարմացրել խմբակցության ներկայացուցիչներին, որ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դիմելով Պետրոսյանին՝ նրան առաջարկել է հայտարարել, որ ինքը ևս կողմ է քվեարկել, սակայն ձայները հաշվող էլեկտրոնային համակարգը սխալմամբ նրա քվեարկությունը չի գրանցել: Սակայն Պետրոսյանը շատ կոպիտ մերժել է խմբակցության ղեկավարի այս առաջարկը:
Ավելի ուշ խմբակցությունում այս հարցով տեղի ունեցած քննարկման ժամանակ Պետրոսյանը հայտարարել է, որ ինքը նախագահ Սարգսյանի հետ հատուկ պայմանավորվածություն ունի, որ առանձին դեպքերում, եթե քննարկվող և քվեարկվող հարցը հակասում է իր խղճին և համոզմունքներին, ինքը կարող է չմասնակցել քվեարկությանը:
Նման բացատրությունը չափազանց վրդովեցրել է հատկապես ՀՀԿ-ական մյուս կին պատգամավորներին, ովքեր համարում են, որ իրենք էլ ոչ պակաս խիղճ ու համոզմունքներ ունեն, բայց հանուն կուսակցության և կառավարության՝ դեմ են գնում իրենց սկզբունքներին ու համոզմունքներին: Թե ինչու պետք է Շուշան Պետրոսյանն առանձնաշնորհյալ դիրք ունենա, կին պատգամավորներից մի քանիսը փորձել են պարզել նախագահական նստավայրում, որտեղ նրանց ընդունել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: ՀՀԿ-ական կին պատգամավորները բողոքել են, որ Պետրոսյանն իր պահվածքով իրենց դնում է չափազանց վատ վիճակի մեջ, քանի որ ստացվում է, որ Պետրոսյանը կարող է ներկայանալ այնպես, որ ինքը հանրության կողմից մերժելի օրինագծերին կողմ չի քվեարկում և իրեն «մաքուր» է պահում, իսկ ահա մյուսները, իրենց խիղճը ծախած՝ պատրաստ են քվեարկել ցանկացած օրենքի նախագծի օգտին:
Մեր տեղեկություններով՝ նախագահի աշխատակազմի ղեկավարը ՀՀԿ-ական պատգամավոր կանանց բողոքը փոխանցում է նախագահ Սերժ Սարգսյանին, ով էլ զարմացած նկատում է, որ ինքը Շուշան Պետրոսյանի հետ ոչ մի հատուկ պայմանավորվածություն չունի, և եթե նա հրաժարվում է կատարել խմբակցության որոշումները, ապա նա պետք է հրաժեշտ տա մանդատին:
Նույն շղթայով Վիգեն Սարգսյանը նախագահի հորդորը փոխանցում է Շուշան Պետրոսյանին՝ «Կամ մանդատդ, կամ սկզբունքներդ ու համոզմունքներդ»: Պետրոսյանին ժամանակ են տալիս այս հարցում կողմնորոշվելու համար, որպեսզի մինչև աշնանային նստաշրջան այս հարցում վերջնական հստակություն մտցվի: ՀՀԿ-ականներն ասում են, որ այս հարցը չափազանց կարևոր է, քանի որ ՀՀԿ-ի համար հիմա յուրաքանչյուր ձայնը կենսական նշանակություն է ձեռք բերել: Աշնանը ոչ իշխանական քառյակը պատրաստվում է ԱԺ աշխատանքները բոյկոտելու նոր ակցիաներ կազմակերպել, և այդ պայմաններում ԱԺ բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ՀՀԿ-ի համար կարևոր է լինելու իր շարքերում երկաթյա կարգապահություն հաստատել:
Թե հատկապես ինչ որոշում կկայացնի պատգամավոր Շուշան Պետրոսյանը, հիմա դժվար է ասել: Երեկ մենք փորձեցինք նրա հետ խոսել այս հարցի վերաբերյալ, սակայն տիկին Պետրոսյանը՝ լսելով, որ մեր հարցը վերաբերում է իր քվեարկությանը և դրան հետևած իրադարձություններին, հայտարարեց. «Խնդրում եմ, ինձ ավելի լուրջ հարցեր տվեք, ես այդ հարցի շուրջ չեմ ցանկանում խոսել»: Խոսել չցանկանալ հնարավոր է, բայց որոշում կայացնելը պարտադիր է:

Տեսանյութեր

Լրահոս