«Պետական մտածելակերպով այնպես է ստացվում, որ գիտությունը պետք չէ մեր երկրին». Արեգ Միքայելյան
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսեց հունիսի 29-ից հուլիսի 4-ը Ժնևում անցկացված Եվրոպական աստղագիտական համագումարի, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի, Հայաստանում գիտության ֆինանսավորման հետ կապված խնդիրների մասին և ներկայացրեց համեմատական վերլուծություն՝ «Աստղագիտությունն աշխարհում և Հայաստանում» թեմայով:
Խոսելով Ժնևում անցկացված Եվրոպական աստղագիտական համագումարի մասին` Ա. Միքայելյանը նշեց, որ այն այս տարի գլխավոր իրադարձությունն էր աստղագիտության բնագավառում. «Մենք ունենք նաև Միջազգային աստղագիտական միության համագումար, բայց դա երեք տարին մեկ է լինում, այսինքն` այն տարիներին, երբ չկա միջազգայինը, եվրոպականը դառնում է գլխավորը: Ես հերթական անգամ հրավիրված էի: Այս անգամ Շվեյցարիայի Ժնև քաղաքում էր` Ժնև կոչվող շատ գեղեցիկ լճի ափին: Ինչպես միշտ, շատ լավ էր կազմակերպված: Ներկա էին 500-ից ավելի մասնագետներ եվրոպական 43 երկրներից: Բազմաթիվ աստղագիտական թեմաներ էին քննարկվում: Իհարկե, առաջին հերթին՝ մի շարք գիտաժողովներ էին տեղի ունենում համագումարի շրջանակում, ինչպես նաև՝ կազմակերպչական ժողովներ, նիստեր, իրենց բուն համագումարը, և այլն: Քննարկվեցին բազմաթիվ հիմնահարցեր, մասնավորապես՝ եվրոպական աստղագիտության դերն ուժեղացնելու հարցը: Տարբեր համեմատությունների արդյունքում եկանք այն եզրակացության, որ ինչպես՝ քաղաքականության, տնտեսագիտության և այլ բնագավառներում, այնպես էլ՝ գիտության մեջ Եվրոպան և Ամերիկան են ուղղություն ցույց տալիս, հիմք հանդիսանում: Այժմ գիտությունը կապված է խոշոր ներդրումների հետ, և միայնակ կամ փոքր խմբերով գիտություն իրականացնելը գրեթե անհնար է: Հերթական անգամ այն եզրակացությանը եկա, որ Հայաստանն էլ միայն համագործակցության մեջ շանս ունի` վերապրելու կամ վերստեղծելու իր գիտությունը, որովհետև Հայաստանը հայտնի է՝ որպես գիտության երկիր: Դա մեր մեծ առավելությունն է, և ես միշտ ասել եմ, որ Հայաստանի նման փոքր պետությունն աշխարհում գոյատևելու, իր տեղն ու դերը ցույց տալու ուրիշ տարբերակ չունի, քան մշակույթն ու գիտությունն են: Գիտությունը մեր հաղթաթուղթն է, որով կարող ենք մեր խոսքն ասել աշխարհին: Ես օբյեկտիվորեն չեմ պատկերացնում, թե տնտեսապես կամ արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտում ինչպես կարող ենք մրցակցել նույնիսկ ոչ թե՝ հզոր, այլ՝ միջին պետությունների հետ. բազմաթիվ պայմաններով մենք օբյեկտիվորեն սահմանափակված ենք: Բայց միտքն այնպիսի բան է, որ մեկ հոգին կարող է ավելի խելացի բան անել, քան մեկ միլիոն ժողովուրդը: Բնականաբար այստեղ խոսքն արդեն ազգի առանձնահատկությունների մասին է, և եթե համեստորեն ասենք, ապա հայ ազգն ունակ է հենց մտածելու և գիտական աշխատանքներ կատարելու»:
Այնուհետև Ա. Միքայելյանը կոնկրետ փաստերով և տվյալներով ներկայացրեց համեմատական վերլուծություն այն մասին, թե Հայաստանն աշխարհում ինչ տեղ ունի աստղագիտության բնագավառում. «Աշխարհում կա 196 պետություն, և մենք, ըստ տարածքի, 143-րդն ենք, այսինքն` երևելի տեղ չենք գրավում, բնակչության թվով 134-րդն ենք` մի փոքր ավելի, տնտեսական ցուցանիշներով 125-128-րդն ենք: Պետք է նաև նշեմ, որ աշխարհում 500 աստղադիտարան կա, որոնցից մեկը մեր Բյուրականի աստղադիտարանն է: Այս տվյալներից ելնելով` վերջերս «Ֆոկուսի» հեղինակավոր կայքէջը ներկայացրեց նոր տվյալներ, որոնք 1996-2012 թվականներն են ամբողջացնում: Ըստ այդ տվյալների` առաջին տեղում ԱՄՆ-ն է, երկրորդը Չինաստանն է, հետո Մեծ Բրիտանիան է, և այլն: Հայաստանը 76-րդ տեղում է գիտական ցուցանիշներով, այն էլ այն դեպքում, երբ մեզ մոտ գիտության ֆինանսավորումը խղճուկ վիճակում է գտնվում: Բայց կան ավելի ուրախալի ցուցանիշներ. ֆիզիկայի և աստղագիտության բնագավառում Հայաստանը 53-րդն է, իսկ եթե միայն աստղագիտությունն ենք վերցնում, ապա 31-րդն ենք: Եթե միայն Արևելյան Եվրոպան վերցնենք, ապա գիտական ցուցանիշներով Հայաստանը 16-րդ տեղում է: Նույն Արևելյան Եվրոպայում ֆիզիկայի և աստղագիտության բնագավառում մենք 13-րդն ենք, իսկ միայն աստղագիտության ցուցանիշներով՝ 5-րդը: Ես այս ցուցանիշներն ապշեցուցիչ եմ համարում` այսօրվա պայմանները հաշվի առնելով»:
Ա. Միքայելյանն անդրադարձավ նաև Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակին և ներկայացրեց այս տարվա հաղթողներին. «Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009 թվականին: Ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում այն կարևորագույն միջազգային մրցանակներից մեկն է համարվում: Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500.000 ԱՄՆ դոլար, և սկսած 2010թ.-ից՝ տրվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: Ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում այն կարևորագույն միջազգային մրցանակներից մեկն է համարվում: Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500.000 ԱՄՆ դոլար և սկսած 2010թ.-ից՝ տրվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: Մրցանակի գումարը կբաժանվի հետևյալ կերպ. Ահարոնյանին կհատկացվի 250.000 ԱՄՆ դոլար, իսկ Կարաչենցևին և Թալիին՝ յուրաքանչյուրին՝ 125.000-ական ԱՄՆ դոլար»:
Խոսելով գիտության ֆինանսավորման մասին՝ Ա. Միքայելյանը նշեց դրա հետ կապված մի շարք խնդիրներ, որ առկա են Հայաստանում. «Վերջերս եղավ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում, որով մեր պետությունը, իհարկե, շատ է հպարտանում, բայց թող շատ հասարակ չհնչի, կարծես իրենք իրենց աշխատավարձերն են բարձրացրել, որը բնավ գեղեցիկ չէ մեր ղեկավարների համար: Իսկ գիտությունը փորձում են աշխատեցնել խղճուկ աշխատավարձերով: Նույնիսկ ՊՆ շարքայինը ստանում է 100.000 դրամ աշխատավարձ, այնինչ փորձված գիտնականն անգամ 100.000 հազվադեպ է ստանում: Չնայած սրան` տեսեք, թե ինչ առաջատար դիրքեր է զբաղեցնում մեր գիտությունն աշխարհում: Դա, իհարկե, միայն նրա շնորհիվ է, որ գիտնականներն իսկական նվիրյալներ են, միայն նվիրյալ աշխատողների շնորհիվ է հնարավոր նման արդյունքների հասնել: Պետական մտածելակերպով այնպես է ստացվում, որ գիտությունը պետք չէ մեր երկրին, բայց բառերով ասում են, որ պետք է, ու չեն վճարում»:
Աստղիկ Իսկանդարյան