Գլխավոր դատախազությունը խախտել է զոհված ազատամարտիկի այրու իրավունքը. Օմբուդսմեն

Զոհված ազատամարտիկի կինը դիմել է իրավապահներին, երբ ամուսնու եղբայրը որդուն կեղծ վկայությունների և ապացույցների միջոցով դատարանում ճանաչել է տվել որպես իր ամուսնու՝ զոհված ազատամարտիկի որդի: Արդյունքում, տղայի նոր ծննդյան վկայականում հայրանուն է նշվել ազատամարտիկի անունը, իսկ հարազատ մոր անունը մնացել է նույնը:

Այրին՝ Թամամ Միսակյանը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն: Այնտեղից նյութերն ուղարկվել են նախաքննության մարմնին՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով: Սակայն քննիչը որոշել է մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության պատճառով: Կինը բողոք է ներկայացրել դատախազին՝ խնդրելով վերացնել քննիչի որոշումը և անցկացնել փորձաքննություն: Սակայն դատախազը ևս մերժել է կնոջ բողոքը:

Այրին դիմել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով աջակցել իր իրավունքների պաշտպանության հարցում: Օմբուդսմենը գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պարզել է, որ քննիչը լրացուցիչ բացատրություն չի վերցրել ազատամարտիկի այրուց, հարցաքննել է միայն կեղծ տեղեկություններ հաղորդելու մեջ կասկածվող մարդկանց, չի նշանակել դատագենետիկական փորձաքննություն: Պաշտպանը գործում հայտնաբերել է մի շարք այլ խախտումներ և անտեսված հակասություններ ևս:

Օմբուդսմենը գրություններ է ուղարկել Գլխավոր դատախազությանը` ուշադրություն հրավիրելով օրենսդրական այն պահանջին, որ Դատախազությունը պարտավոր է հսկել հետաքննության և նախաքննության օրինականությունը, լիազորված է վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին նախաքննության մարմնի որոշումը և հարուցել քրեական գործ:

Այսպիսով, Գլխավոր դատախազության անգործության հետևանքով խախտվել է զոհված ազատամարտիկի այրու իրավական պաշտպանության իրավունքը: Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին Որոշում:

Կարեն Անդրեասյանը հորդորում է Գլխավոր դատախազությանը բացառել հաճախ կրկնվող թերացումները և պատասխանատվության ենթարկել խախտումը կատարած պաշտոնատար անձանց:

Պաշտպանի աշխատակազմ

 

Տեսանյութեր

Լրահոս