Քեմերոնն առաջարկել է սառեցնել Պուտինին մոտ կանգնած օլիգարխների հաշիվները
Ուկրաիանական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայումս կանգնած է ընտրության առջև՝ կապված Ուկրաինայում մալայզիական օդանավի կործանմանն արձագանքելու հետ:
Քեմերոնն ընդգծել է, որ եթե նա արմատականորեն չփոխի Ուկրաինայի հարցում իր մոտեցումը, ապա Արևմուտքը պետք է արմատականորեն փոխի իր մոտեցումը Ռուսաստանի հանդեպ:
Քեմերոնն ընդունել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մեծապես չեն ողջունում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու գաղափարը, սակայն նրանց պետք է համոզել, որ անհրաժեշտ է գնալ այդ քայլին:
Քեմերոնը նաև առաջարկել է սառեցնել Պուտինին մոտ կանգնած ռուսաստանցի օլիգարխների հաշիվները՝ անկախ նրանից, թե նրանք կապվա՞ծ են եղել Ղրիմի իրադարձությունների հետ, թե՞ ոչ: Քեմերոնը վստահություն է հայտնել, որ հենց Ռուսաստանն է ղեկավարում Ուկրաինայի անջատողականներին: